Խոշոր հրդեհ Աբովյանում. տարհանվել են 70 քաղաքացի, որից 25-ը երեխաներ են

Խոշոր հրդեհ Աբովյանում.  տարհանվել են 70 քաղաքացի, որից 25-ը երեխաներ են

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45-րդ, թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի էլեկտրահաշվիչիների տուփից:

Հրշեջ-փրկարարները, պարեկները և ոստիկանները նշված շենքից տարհանել են 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են:

Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ոչ թե այրվացքներ են ստացել, այլ՝ ծխահարվել են: 

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  ներկայացուցիչները:

Այս պահին ամբողջ շենքում դադարեցվել է գազամատակարարումը և և հոսանքազրկվել է շենքը:

Կան նաև տեղեկություններ, որ հրդեհը տեղի է ունեցել 4-րդ հարկի 16-րդ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից գազի արտահոսքից, սակայն դա վարկած է:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև 3 կգ-անոց գազաբալոն:

Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանի կարգադրությամբ արդեն քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ու բաժինների աշխատակիցները սկսկել են աշխատանքներ կատարել հրդեհի հետևանքները վերացնելու ուղղությամբ: