Իրանի հոգևոր առաջնորդի մեսիջն ուղղված էր արհեստածին պետություն Ադրբեջանին․ Վարդան Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդի մեսիջն ուղղված էր արհեստածին պետություն Ադրբեջանին․ Վարդան Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձել է հայ-իրանական սահմանի կարևորությանն ու ընդգծել այդ սահմանի հազարամյա պատմության ու դրա փակման անթույլատրելիությունը։

«Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Խամենեիի այս հայտարարությունը, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, հստակ ուղերձ էր Ադրբեջանին։

«Սահմանի հետ կապված հայտարարությունն արվեց թե՛ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Էրդողանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը հստակ ներկայացրեց դիրքորոշում, որ իրենք բացարձակապես չեն հանդուրժի հայ-իրանական սահմանի նկատմամբ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից որևէ ոտնձգություն»,- նկատեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Իրանի հոգևոր առաջնորդը շեշտեց հայ-իրանական սահմանի հազարամյակների պատմությունը, ինչը, փաստացի, թափանցիկ ակնարկ էր առ այն, որ Հայաստանն ու Իրանը՝ որպես պետություններ, այս տարածաշրջանի հինավուրց քաղաքական միավորներն են, և որևէ արհեստածին, նորելուկ պետություն չի կարող հավակնություն ունենալ պատմական այս սահմանի նկատմամբ։

«Իրանի հոգևոր առաջնորդը շատ հստակ արձանագրեց իր պետության դիրքորոշումը, և մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա․ Ալի Խամենեիի յուրաքանչյուր հայտարարություն, ըստ էության, հրաման է այդ պետության օրենսդիր ու գործադիր մարմիններին՝ գործելու հենց այդ ուղղությամբ։ Ոստի, իրանական պետական համակարգի հսկայական հատվածը գործելու է հենց հոգևոր առաջնորդի ուղենիշային հայտարարություններով, ինչը լայն տիրույթ է բացում հայ-իրանական գործակցության համար՝ հենց այս ոլորտում»,- ասաց իրանագետը։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ շատ լավ կլիներ, եթե Իրանի հետ նոր գործակցության ուղիներ ստեղծելու համար մեր պետությունը որևէ քայլ ձեռնարկեր, օրինակ՝ կարելի է հայ-իրանական գիտաժողով կազմակերպել՝ նվիրված երկու պետությունների հազարամյա սահմանին։ Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ապա Իրանի հոգևոր առաջնորդն այս դեպքում սահմանի հազարամյա բնույթից չխոսեց, այլ շեշտեց, որ որևէ պարագայում մեր տարածաշրջանում չի կարող գոյություն ունենալ մի արհեստածին պետություն, որը կհավակնի հայ-իրանական սահմանը արգելափակելուն։

«Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է այս հարցում չեզոքացնել երկու պետությունների (ՌԴ, Իրան, խմբ․) դիրքորոշումները։ Մասնավորապես, անցյալ տարի աշնանը, երբ Սյունիքի մարզի նկատմամբ նոր ոտնձգությունների ուղղակի և իրական վտանգ կար, հենց ռուսական ու իրանական ակտիվ ազդեցությունն ու միջամտությունը կանխեց այն»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Նրա պնդմամբ՝ եթե Հայաստանում լինի պետականամետ իշխանություն, ապա կօգտվի իրանական կողմի ստեղծած հնարավորություններից։

Նարե Գևորգյան