Բլինքենը Մյանմարի վրա ճնշում գործադրելու կոչ է արել Չինաստանին ու ASEAN-ին

Բլինքենը Մյանմարի վրա ճնշում գործադրելու կոչ է արել Չինաստանին ու ASEAN-ին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի հորդորել է Չինաստանին եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ASEAN) ճնշում գործադրել Մյանմարի  ղեկավարության վրա՝ ժողովրդավարությանը վերադառնալու եւ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի կատարման համար պատասխանատվություն կրելու նպատակով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կողմից մշակված հինգ կետից բաղկացած կոնսենսուսին ռեժիմին հավատարիմ մնալու տարածաշրջանային աջակցությունը չափազանց կարեւոր է, իսկ դա տեղի չունեցավ», - ասել է Բլինքենը՝ Ասիա կատարած իր շրջագայության ժամանակ Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նշել է, որ ասոցիացիայի անդամ պետությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Մայնմարի գործող ռեժիմին եւ շարունակեն պահանջել՝ դադարեցնել բռնություններն ու ազատ արձակել բանտարկյալներին:

Հիշեցնենք, որ ասոցիացիայի ինը անդամները եւ Մյանմարի խունտայի ղեկավար Մին Աուն Հլաինգը անցյալ ապրիլին ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում էր բռնության անհապաղ դադարեցում եւ երկրում բոլոր կողմերի միջեւ երկխոսություն: Սակայն այս ուղղությամբ դրական տեղաշարժեր չկան, կարծում է ԱՄՆ պետքարտուղարը։