Վաղվանից երեք օր շարունակ Երևանը «հարբելու» է ավելի քան 500 համ գինով

Վաղվանից երեք օր շարունակ Երևանը «հարբելու» է ավելի քան 500 համ գինով

Վաղվանից երեք օր շարունակ Երևանը «գինովցած» է լինելու։ Մայրաքաղաքի սրտում անցկացվելու է «Երևանի Գինու օրեր» փառատոնը, որը յուրատեսակ հանդիպման վայր է գինեսերների ու գինեգործների համար։

Յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսով ու գինովցած մարդկանց խինդով։ Այդ օրերին տեղացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում փորձելու հայկական տասնյակ ընկերությունների պատրաստված գինիներ ու համադրել դրանք համեղ պատառներով։

Այս տարի փառատոնին ներկայացված է լինելու գինու ավելի քան 500 տեսակ՝ 50 արտադրողից։

Իջևանի գինու, կոնյակի գործարանն, օրինակ, այս տարի գինեսերներին է ներկայանալու իր ամբողջ տեսականիով։

«Ներկայանալու ենք մեր մշտական տեսականիով, այսինքն՝ որպես այդպիսին նորություն չենք ունենալու։ Նախորդ տարի ենք ներկայացրել «Սափորը», իսկ այս տարի ներկայանալու ենք մեր ամբողջ՝ և՛ մրգային, և՛ օրդինար, և՛ պրեմիում, և՛ կոշտ, և՛ «Սափորի» տեսականիով»,- մեզ հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Գևորգ Արսենյանը։

Նրա խոսքով՝ այս միջոցառումը ևս մեկ առիթ է, որ ցույց տրվի՝ գինեգործությունը Հայաստանում շատ երկար՝ 6000 և ավելի տարիների պատմություն ունի, և մեր երկիրն արտադրում է ամբողջ աշխարհում ճանաչում գտած գինիներ։

«Եվ քանի որ տվյալ փառատոնին ներկա են գտնվում բավականին շատ հյուրեր նաև դրսից, մենք ևս մեկ հնարավորություն ենք ստանում ներկայացնելու մեր արտադրանքը»,- ասաց Գևորգ Արսենյանը։

«Արմենիա Վայն» ընկերությունը ևս վաղը փառատոնին ներկայանալու է հայկական շուկայում առկա իր ամբողջ տեսականիով։ Ընկերությունից տեղեկացրին, որ իրենց տաղավարը լինելու է Մոսկովյան փողոցում։

Նշենք, որ կան գինեգործական ընկերություններ, որոնք չեն մասնակցելու վաղվա փառատոնին։ Օրինակ՝ «Արարատ» գինու և կոնյակի գործարանը։

Փառատոնն անցկացվելու է Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Բաղրամյան խաչմերուկներին և Թումանյան փողոցից մինչև Փարպեցի խաչմերուկներն ընկած հատվածներում, 16։00-23։00 ժամերին։

Նարե Գևորգյան