Թեք տանիքի վրա վայրէջք կատարող դրոն է ստեղծվել

Թեք տանիքի վրա վայրէջք կատարող դրոն է ստեղծվել

Կանադացի ինժեներները դրոն են ստեղծել, որը հարմարեցված է թեք մակերեսների վրա վայրէջք կատարելու համար։ Դրոնի աշխատանքի տեսանյութը հրապարակվել է Createk Engineering Lab YouTube ալիքում․ գրում է News.am-ը։

Մշակողների թիմը Կանադական Շերբրուկի համալսարանից է: Ինժեներները պլանավորում էին տանիքների եւ այլ անհարթ մակերեսների վրա վայրէջքի համար նախատեսված սարք մշակել, ինչը մեծապես կբարձրացնի այդպիսի դրոնների կիրառման ճկունությունը։ Համակարգի հիմքում ամորտիզացնող հենարանները եւ կառավարող համակարգչի աշխատանքի հատուկ ալգորիթմն է։

Հենարանը կլանում է էներգիան եւ թույլ չի տալիս, որպեսզի դրոնը հետ թռնի, եւ այդ էֆեկտը ուժեղացնելու համար գիտնականները տեխնոլոգիա են կիրառել, որը լայնորեն օգտագործվում է ավիացիայում՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռի վազքը նվազեցնելու համար՝ շարժիչի ռեվերսը: Վայրէջքի պահին շարժիչները սկսում են աշխատել հակառակ ուղղությամբ, եւ տեսագրված փորձերից մեկի ժամանակ շարժիչի ռեվերսը թույլ չի տալիս դրոնին շրջվել։

Արդյունքում ստացված համակարգն ի վիճակի է վայրէջք կատարել մինչեւ 60 աստիճան թեքությամբ տանիքի վրա։ Ընդ որում, այդպիսի տանիքից կարելի է նորից թռնել, որոշ հեռավորություն անցնել եւ վայրէջք կատարել մեկ այլ վայրում: