Սևան քաղաքում եւ Գագարին գյուղում սուբվենցիոն ծրագրով հիմանորոգվում են շենքերի բակային տարածքները

Սևան քաղաքում եւ Գագարին գյուղում սուբվենցիոն ծրագրով հիմանորոգվում են շենքերի բակային տարածքները

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։ Հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգել թվով 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սեւան քաղաքում կհիմնանորոգվի 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է Սեւան քաղաքի վեցերորդ թաղամասից։

Ծրագրի իրականացման արդյունքում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան բոլոր շենքերի բակային տարածքներում կտեղադրվի ասֆալտբետոնյա ծածկույթ, նոր եզրաքարեր, դիտահորեր, համապատասխան մակարդակի կբարձրացվեն կամ կիջեցվեն ջրընդունիչները։

Այդ աշխատանքներին կհաջորդեն բակային տարածքների կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան շենքերում ապրող բոլոր բնակիչները։