Կգաք հանրահավաքի, կիմանաք, թե ինչ է սպասվում․ Գեղամ Մանուկյանը՝ հետագա անելիքների մասին

Կգաք հանրահավաքի, կիմանաք, թե ինչ է սպասվում․ Գեղամ Մանուկյանը՝ հետագա անելիքների մասին

Մեկ ամսից ավելի է, ինչ գրեթե ամեն օր ընդդիմությունը քաղաքացիներին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։

Արցախը հայկական պահելուց, մինչև Հայաստանի անվտագային համակարգի ամրապնդում, թրքացման դեմ պայքարից մինչև արժանապատիվ խաղաղություն․ ընդդիմության կոչերն ու առաջ բերած թեզերը հիմնականում վերոնշյալի մասին են։

Մինչ իշխանությունը՝ առաջին դեպքի մակարդակով հայտարարում է, թե շարժումն ինքն իրեն մաշեցնում է, ընդդիմությունը հակադարձում է՝ իրենք «նյարդերի պայքարի» են դուրս եկել և հաղթանակը շատ մոտ է։

Այնուամենայնիվ, քաղաքացիներն էլ, լինեն պայքարին միացած թե՝ ոչ, հստակություն են փնտրում, ուզում են հասկանալ, թե քայլերի հաջորդականությունը ո՞րն է լինելու, քանի որ ավանդական դարձած երթերն ու շենքերի շրջափակումը, ըստ էության, ցանկալի արդյունքը, այն է՝ Փաշինյանի և իր թիմի հեռացումը, չի ապահովում։

Հստակ քայլերի ու ճանապարհային քատեզի ներկայացումն էլ ավելի անհրաժեշտ դարձավ հունիսի երեքից հետո, օր, որը ընդդիմությունը հռչակել էր որպես մեր ջրբաժանի օր, երբ իշխանությունը պետք է հայտատարեր՝ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ՝ նրա դեմ։ Սակայն, ինչպես դեպքերը ցույց տվեցին, իշխանությունը չբարեհաճեց մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, որից հետո ընդդիմությունը, սովորականի պես, երթ արեց, շրջափակեց Կառավարության գլխավոր մասնաշենքը, եղավ կառավարական առանձնատան մոտ, ապա հանրահավաք իրականացրեց։ Հունիսի չորսին ևս հանրահավաք ու երթ եղավ, իսկ հունիսի հինգը ծրագրերի և հետագա անելիքների քննարկման օր հայտարարվեց։

Թե ինչ է լինելու այսօր, արդյոք որևէ հստակ ճանապարհային քարտեզ մշակվե՞լ է, փորձեցինք պարզել՝ զրուցելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

Բայց, նա չմեկնաբանեց, թե կոնկրետ ինչ է սպասվում այսօր։

Մեր հարցին, թե, այնուամենայնիվ որևէ նոր բան անելո՞ւ է ընդդիմությունը՝ Մանուկյանը կեսկատակ պատասխանեց` այնուամենայնիվ, կգաք հանրահավաքի և կիմանաք։

Նարե Գևորգյան