Արցախ գնալն ինչպե՞ս կարող է վերածվել ՀՀ իշխանական դիրքերից հանդես եկողների համար վայնասունի առարկա, սա խելագարության կանխավարկածից է. Վարդևանյան

Արցախ գնալն ինչպե՞ս կարող է վերածվել ՀՀ իշխանական դիրքերից հանդես եկողների համար վայնասունի առարկա, սա խելագարության կանխավարկածից է. Վարդևանյան

Հայաստանի թիվ մեկ օրակարգը , ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները գտնվում են Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ-ում տեղադրել են Արցախի դրոշները և հայտարարել, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ այս քառօրյային և մեկնում է Արցախ։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ամբիոնից հեռացրել է դրոշը, իսկ Վաղարշակ Հակոբյանը հայտարարել, թե Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին դնելով Արցախը չեն պաշտպանում։

«Մեզ ասում են, որ ինքնին Արցախ գնալը ներկայացնում է սադրանք։ Կներեք, ես ճիշտ եմ հասկանում, որ այդ ընկալումը կամ մեկնաբանումը պայմանավորված է Ադրբեջանի վարքագծով կամ թուրք-ադրբեջանական տանդեմով։ Իսկ հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց ազգանվան «յան»-ը բարձրաձայնելը ևս սադրանք դիտարկվի, հնարավո՞ր է Լեոնիդ Ազգալդյանի, Բեկորի, Սպարապետի անունը տալը ևս հետագայում սադրանք դիտարկվի և այսպես կարող եմ շարունակել։ Սա նորմալ չէ, սա արդեն աբսուրդի է հասնում, չի կարելի այսպիսի հոգեվիճակի մեջ մտնել»,- նշեց Վարդևանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների արձագանքին։

Վարդևանյանն ընդգծեց, որ ՀՀ-ն եղել է, կա ու միշտ մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը՝ արցախահայության կողքին միշտ կանգնած, այլ տարբերակ լինել չի կարող։

«Ինչպե՞ս է ստացվում, որ Արցախ գնալն ինքնին վերածվի ՀՀ նորագույն պատմության մեջ իշխանական դիրքերից հանդես եկողների համար վայնասունի առարկա, մի հատ էլ՝ որակվի որպես սադրանք։ Սա խելագարության կանխավարկածից է։ Սա աբսուրդների աբսուրդն է։ Նման հոգեվիճակը տեղ չունի հայկական իրականության մեջ։ Երբ ասում ենք՝ ՀՀ-ն չպետք է լինի կզած, հենց նաև այս իրավիճակների համար ենք ասում»,- ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Արցախ պետք է գնալ հնարավորինս շատ, որովհետև Արցախն ունի մեր կարիքը։