Ոտքերը հազիվ էին հասնում արգելակին, 40 ժամ վարել է մեքենան, խցանման մեջ քնել է 2 ժամ և փրկել ընտանիքը 

Ոտքերը հազիվ էին հասնում արգելակին, 40 ժամ վարել է մեքենան, խցանման մեջ քնել է 2 ժամ և փրկել ընտանիքը 

Աղաջանյանների ընտանիքն Արցախի Ասկերանից գաղթի ճանապարհը բռնել է ավելի ուշ։ Սուսաննան պատմում է, որ քաղաքում արդեն ադրբեջանցիներ կային, իսկ իրենց ընտանիքը տարհանելու համար միայն ամուսինը կարող էր մեքենա վարել, որում ամբողջ ընտանիքը չէին կարող տեղավորել։ 

«12-ամյա տղաս կարողանում էր մեքենա վարել, բայց այդ ժամանակ չէինք համարձակվում նրան ղեկ վստահել։ Ճանապարհը երկար էր, խցանումները սկիզբ ու վերջ չունեին։ Ամուսինս հարցրեց Կարենին, թե՝ «մյուս մեքենան կկարողանա՞ս վարել», տղաս ինքնվստահ համաձայնություն տվեց։ Այլընտրանք չունեինք։ Տեղավորվեցինք մեքենաներում ու ճանապարհվեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է մայրը։ 

Կարենի ավտոմեքենայում տեղավորվել են մայրը, 10-ամյա եղբայրն ու հոր պապը։ Տղայի ոտքերը, որ երկար հասակ չունի, հազիվ էին հասնում մեքենայի արգելակներին։

«Երբ դուրս եկանք տնից, չգիտեինք, որ Իվանյանի օդանավակայանից քիչ վերև ադրբեջանցիներն արդեն բլոկ-պոստ են տեղադրել։ Նրանք կանգնեցրին մեր մեքենան, Կարենին իջեցրեցին, ստուգեցին։ Տղաս իրեն տղամարդավարի է պահել, մինչ ես ինձ հազիվ էի զսպում, որ չճչայի, ինքը հանգիստ իջավ, հետո նորից նստեց ղեկին»,- հիշում է Սուսաննան։ 

Կարենը MediaHub-ին ասում է, որ մեքենա վարելու առաջին փորձերը սկսել է 6 տարեկանից։ Նրան սովորեցրել է հայրը՝ ասելով, որ Արցախում անգամ կանայք պետք է մեքենա վարել իմանան։ 

«Ես էլ մեքենաների հանդեպ սեր ունեի, ինչ ասում էր պապան, ես սովորում էի։ Դրա համար շուրջ 40 ժամ վարել եմ մեքենան, չեմ հոգնել, չեմ վախեցել, միայն սրտնեղում էի խցանումներից»,- ասում է նա:

Ընտանիքն Արցախից դուրս գալու որոշումը կայացրել էր սեպտեմբերի 27-ին, 2 օր անց արդեն հասել էին Հակարիի կամուրջ։ 

«Այնտեղ հերթապահող ադրբեջանցիները հավանաբար չեն նկատել, որ ղեկին մարդ կա, չէր երևում։ Զարմացած մոտեցել են ու տեսել երեխայիս։ Ես ինչպես միշտ շատ անհանգիստ էի, վախենում էի, որ հիմա մի բան կանեն, բայց եկան, հավաքվեցին, հետո թե՝ «մաշալլահ-մաշալլահ», հետո իմացա, որ դա նշանակում է «կեցցես»»։ 

Սուսաննան ամբողջ ճանապարհին աղոթել է, որ ընտանիքը հաջող տեղ հասնի։ Իսկ հարազատների մի մասի կյանքի պատասխանատուն 12-ամյա տղան էր, որ բռնի տեղահանությունից հետո հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 

Աղաջանյաններն այժմ ապրում են Վեդիում։ Հիմա էլ Յակովի ու Սուսաննայի 10-ամյա տղան՝ Արենն է սովորում մեքենա վարելը։ Մայրն ասում է, որ չի ցանկանում այլևս դա պետք գա արտակարգ իրավիճակում։ 

Հունան Թադևոսյան