ՔՊ-ն շարունակում է «կուլիսային հանդիպումների» շարքն Ադրբեջանի հետ

ՔՊ-ն շարունակում է «կուլիսային հանդիպումների» շարքն Ադրբեջանի հետ

Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղություններով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը:

ՔՊ-ն շարունակում է «կուլիսային հանդիպումների» շարքն Ադրբեջանի հետ` հող նախապատրաստելով նորանոր զիջումների համար: Բերձորը դատարկվում է՝ ՀՀ քաղաքացիների անտարբերության և քառ լռության պայմաններում: ՀՀ քաղաքացիները փողոց դուրս չեն գալիս ՔՊ-ին հեռացնելու համար, ինչն էլ ամրապնդում է ներքին և արտաքին բոլոր ոլորտներում տապալված քաղաքական թիմի դիրքերը:

Ադրբեջանը ՔՊ-ից կարողանում է ստանալ այն, ինչ ցանկանում է՝ Արցախի ՊԲ-ի դե-ֆակտո լուծարում, Արցախի մեծ մասն օկուպացված է Փաշինյանի և թիմի իշխանության օրոք: 

Դրան զուգահեռ, Բաքուն ցանկանում է նաև Զանգեզուրի միջանցքը, ինչին պարգևավճարների սիրահար ՔՊ-ականները կարծես թե չեն ընդդիմանում: Իրանի կոշտ արձագանքի և հայտարարությունների ֆոնին, որ Թեհրանի համար՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է՝ ՀՀ գործող իշխանությունները կարծես թե մի պահ դուրս են եկել խորը քնից և հայտարարել են, որ Զանգեզուրի միջանցք լինելու է, սակայն ոչ ՀՀ սուվերենության հաշվին:

Ներքաղաքական դաշտի խաղացողները կարծես թե որոշակի դադար են վերցրել՝ համախմբելու ուժերն ու մշակելու նոր ճանապարհային քարտեզ՝ ՔՊ-ականներին հեռացնելու և հայոց պետականությունն ու Արցախը փրկելու համար:

Սեփական կամքով ՔՊ-ականներն երբեք չեն հեռանալու, քանի որ իշխանությունը նրանց համար ֆինանսական անվտանգության բարձիկ է և նրանք չեն ցանկանում կրկին վերադառնալ իրենց հին սոցիալական դիրքերին: 

Պետականամետ, ազգային ուժերը պետք է ընտրեն ՔՊ-ի դեմ պայքարի ոչ շաբլոն լուծումներ՝ ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցությունն ու մարզերում ՔՊ-ին հաղթելը կարող է դառնալ ապագա հաղթանակների համար մեկնակետ:

 

Վահրամ Բագրատյան