Մամիկոն Ասլանյանը՝ գործարքի կո՞ղմ, թե՞ զոհ

Մամիկոն Ասլանյանը՝ գործարքի կո՞ղմ, թե՞ զոհ

Երեկ Վանաձորի ավագանին արտահերթ նիստում ընդունել է 2023 թվականի բյուջեի նախագիծը։ Կողմ քվեարկողների շարքում էին նաև «Ասլանյան դաշինք» խմբակցության երկու անդամներ։  Ավագանու անդամներ Գայանե Քալանթարյանն ու Սեյրան Ղամբարյանը մասնակցել են նիստին, ապահովել են քվորում և կողմ քվեարկել բյուջեի նախագծին։
Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանն ասել է, որ կալանավայրում հանդիպել է իրենց առաջնորդին՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին, ու նրա հանձնարարությամբ ներկայացել ավագանու նիստին:

«Գնացել եմ, հանդիպել եմ իր հետ։ Ինքը ինձ հանձնարարել ա հայտարարել, որ մեր ներկայությամբ նիստը կայանում է։ Ուրեմն մեր մասնակցությունը ինքը հանձնարարել ա, որ պարտադիր լինի։ Կան խմբավորումներ, որ միշտ մտածում են՝ ինչքան վատ, էնքան լավ», - հավելել է Ղամբարյանը։

Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, թե կմասնակցեն նիստերին, եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում հրապարակվի։ Սա համարել էր Վանաձորում ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը։ 

Թվում էր՝ «Հայրենիք» խմբակցության առաջարկած լուծումը միակ ռացիոնալ տարբերակն է, որը թույլ կտար վանաձորցիներին՝ վերադարձնել տեղական իշխանություն ձևավորելու իրավունքը ու մերժել քաղաքը «վարչապետական կառավարման» տակ դնելու արատավոր մոդելը:

Եթե «Մամիկոն Ասլանյան» դաշինքն այս առաջարկությունն ընդուներ, Վանաձորում արտահերթ ընտրությունները գրեթե անխուսափելի էին դառնալու:

Բայց մեծամասնություն ունեցող խմբակցության ներսում երկու «դասալիքներ» ի հայտ եկան, որոնցից մեկն, ի դեպ, պնդում է, թե այդպես է վարվել բանտարկված Մամիկոն

Ասլանյանի հորդորով կամ առնվազն՝ գիտությամբ:

Ակնհայտ գործարքի տպավորություն է ստեղծվում:

Եթե բանտարկված Ասլանյանը հայտարարի, թե իր երկու գործընկերների որոշումն իր հետ համաձայնեցված չէ, ապա կստացվի՝ իշխանությունը գնացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի խմբակցության երկու անդամների «հավատափոխելու» ճանապարհով: Այս պարագայում՝ Ասլանյանը գործարքի զոհն է:

Բայց քանի Մամիկոն Ասլանյանի հայտարարությունը չկա, կարող ենք ենթադրել, որ հենց նա է գործարքի գնացել իշխանության հետ, որի գինը սեփական ազատությունն է՝ «վարչապետական կառավարումը» լեգիտիմացնելու դիմաց:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Վահրամ Բագրատյան