Վարորդները ստիպված կլինեն վարորդական քննությունները վերահանձնե՞լ

Վարորդները ստիպված կլինեն վարորդական քննությունները վերահանձնե՞լ

Համացանցում լուրեր են տարածվում, որ վարորդական վկայականի ժամկետը լրանալուց հետո վարորդները ստիպված կլինեն վարորդական քննությունները վերահանձնել, որպեսզի նորը կարողանան ստանալ։ 

Այս լուրերը բավականին բուռն քննարկումների արժանացան ու ակտիվ քննադատության առարկա դարձան վարորդների շրջանում, որոնք MediaHub-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնում՝ ինչո՞ւ պետք է տասը տարի մեքենան վարելուց հետո ընդամենը վկայականը թարմացնելու համար նորից քննություններ հանձնեն։

«Մենք շատ լավ գիտենք, թե այսօր ինչ է կատարվում ՄՌՈՒ-ում, մարդիկ ամիսներով կտրվում են տեսականից ու «եզդայից», սենց էլ որ անեն, կստացվի հավելյալ գումար կորզելու տարբերակ ա պետությունը գտել ու ջարդում վարորդների գլխին»,- ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը:

Ընդ որում, ըստ այդ լուրերի՝ նորամուծությունը գործելու է արդեն իսկ սեպտեմբերից:

MediaHub-ը դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին, հասկանալու՝ արդյո՞ք փոխվում է կարգը և վարորդները ստիպված կլինեն ամեն 10 տարին մեկ քննություն հանձնել։ Սարգսյանը նշեց, որ համացանցում տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և նման նախաձեռնություն չկա։ 

Փաստացի, մեքենա վարող մեր քաղաքացիները կարող են անհոգ լինել՝ վկայականը թարմացնելու համար ստիպված չեն լինելու նորից քննություն հանձնել ու ընկնել բյուրոկրատական քաշքշուկի մեջ: 

Հիշեցնենք, որ վարորդական իրավունքի վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով։

Վարորդները վարորդական իրավունք ստանալու համար հանձնում են տեսական և գործնական քննություններ։ Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործնական քննությունը դրական չհանձնելու դեպքում տեսական քննության արդյունքը համարվում է ուժը կորցրած։ Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ու վարքագիծն այն կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով, որոնք վարելու համար տրվելու է վարորդական վկայական։

Մարիաննա Արամյան