«Քաղաքական անբարոյականություն է»․ Լիլիթ Գալստյանը՝ իրեն իշխանության սրտի պատգամավոր որակողների մասին

Ընդդիմադիր 22 պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը երեկ ԱԺ խորհուրդը չքննարկեց․ ընդդիմությունը բոյկոտեց ու չմասնակցեց հրավիրված խորհրդի նիստին։ Իշխանությունն էլ հայտարարեց, թե շանս է տալիս ընդդիմությանը, ու մանդատներից զրկելու հարցով չի դիմի ՍԴ: Բայց և մատ թափ տվեց՝ հերիք է պարազիտանան հարկատուների հաշվին: Ընդդիմությունն էլ այս հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեց:
Իհարկե, ըստ օրենքի՝ բոլոր 22 պատգամավորներն էլ բացակայության պատճառով պետք է զրկվեն մանդատից, բայց մամուլը երեկ գրեց, որ իշխանության թիրախում հատկապես Իշխան Սաղաթելյանն է, իսկ մյուսների դեպքում ՔՊ-ն կարող է օրենքը հարմարեցնել իր քիմքին։ Ինչևէ, եթե իշխանությունը նորից փոշմանի և խորհրդի նիստ գումարվի, ՔՊ-ն որոշի բոլոր 22 պատգամավորներին զրկել մանդատից, ապա «Հայաստան» խմբակցությունում «նախկիններից» կմնա ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, որի բացակաները հարգելի են համարվել. այս մասին գրեց մամուլը:
Իսկ թե ինչո՞ւ Լիլիթ Գալստյանը չի հայտնվել այս ցուցակում, եթե հավասարապես մասնակցել է անհնազանդության բոլոր ակցիաներին, բոյկոտել ԱԺ նիստերը մյուսների հետ հավասար։
Նշենք, որ այս հանգամանքը պատճառ դարձավ, որ Գալստյանին մամուլը որակի որպես «ՔՊ-ի սրտի ընդդիմադիր» պատգամավոր։
MediaHub-ի հետ զրույցում այս գնահատականը Գալստյանը որակեց որպես քաղաքական անբարոյականություն։
«Ի՞նչ սրտի պատգամավոր։ Իմ բացակաների թիվը ավելի քիչ է, քանի որ ես մասնակցել եմ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին։ Իսկ մենք ոչ մի տարբերակ բաց չենք թողնում՝ ներկայացնելու Հայաստանի ու Արցախի շահերը»,- շեշտեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ փչացած երևակայություն պիտի ունենալ, կամ թիրախավորված պատվեր կատարող պիտի լինել «այսպիսի անբարո եզրակացություն» անելու համար։
MediaHub-ը հիշեցնում է, որ նախօրեին ՔՊ-ում քննարկումից հետո համանուն խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ որոշել են չդիմել ՍԴ և հնարավորություն տալ, «որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Սա մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր հարգանքի նշանն է։ Պետք է ընդդիմությանը հնարավորություն տանք գալ խորհրդարան և աշխատել, քանի որ սխալ է պարազիտանալ հարկատուների վրա»: Բայց ակնհայտ է, որ իշխանությունը ընդդիմադիրներին մանդատից զրկելու խաղաքարտը դեռ մի անգամ չէ, որ կօգտագործի:
Նարե Գնունի