Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից, Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրել է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հակոբ Ասլանյանին հեռացրեց ՔՊ-ից, իսկ Սարիկ Մինասյանին ընդունեց։ Ասլանյանին նիստում կանգնեցրել են «գնդակահարության պատի տակ», դավաճան հռչակել՝ դավաճան Աղազարյանին պաշտպանելու համար: Պատգամավորը փորձել է մեղայականով հանդես գալ վարչապետի առաջ, թե մեծ մարդ եմ, գուցե ինձ այնքան էլ ճիշտ չեն հասկացել, ինքը ոչ թե պաշտպանել է Աղազարյանին, այլ ընդամենը առաջարկել է տալ արտահայտվելու հնարավորություն, սակայն վարչությունը միաձայն որոշել է, որ դավաճանները տեղ չունեն ՔՊ-ում, ու հորդորել են նաեւ մանդատից հրաժարվել, քանի որ այն Փաշինյանի շնորհիվ է ստացել:
Ի դեպ, Հակոբ Ասլանյանը 2019 թ. ընտրություններում մոտ 3 հազար ձայն էր ստացել ռեյտինգային ընտրակարգով։ Ասլանյանը պատասխանել է, որ մանդատից հրաժարվել-չհրաժարվելու մասին պետք է մտածի, նոր որոշում ընդունի, վստահեցրել է՝ մինչեւ տարեվերջ կհայտնի այդ մասին: Մեր տեղեկություններով, նա չի պատրաստվում վայր դնել մանդատը։
Ի դեպ, նիստին չի մասնակցել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, որի նկատմամբ, ասում են, Փաշինյանը սկսել է խորը անվստահություն տածել՝ կասկածելով, որ փորձել է Անդրանիկ Քոչարյանի հետ ՔՊ-ում ազդեցության գործոն դառնալ: Հիշեցնենք, որ Արփի Դավոյանի նախաձեռնությամբ ՔՊ-ում սկսեցին քննարկել «յուրային» կոռուպցիոներների վարքը, չնայած Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ էին ՔՊ-ում ինքնաքննադատության նիստերը նախաձեռնել: Մեր աղբյուրները վստահեցնում են նաեւ, որ նա նիստերի զեկուցողներին տակից հրահանգել է՝ ում դեմ եւ ինչ խոսել: Ապա թեման ծավալվել է, եւ սկսել են փակ նիստերի ֆորմատից դուրս քննարկել, անգամ արտահոսքեր կազմակերպել այս կամ այն կուսակցի դեմ, իսկ Փաշինյանի համոզմամբ միայն իրեն է պատկանում այդ մենաշնորհը։ Ինքն է որոշում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ում մեղադրյալի աթոռին նստեցնել, ում գնդակահարել, ում ներել: Կուսակցությունում վստահ են, որ Փաշինյանը որոշել է սանկցիաներ կիրառել եւ իրենց տեղը ցույց տալ «չափն անցած» կուսակիցներին, եւ հնարավոր է՝ մի sms էլ Արփի Դավոյանին ուղարկի։
Մյուս կողմից՝ Հովիկ Աղազարյանը բացել է ՔՊ-ի Պանդորայի արկղը. որքան էլ Փաշինյանը վախի մթնոլորտ փորձի ձեւավորել՝ ցուցադրաբար պատժելով անհնազանդ կուսակիցներին, ներսում սկսել են նրա պատժից չվախենալ: Կարծում են, որ Հովիկ Աղազարյանի պես իրենք էլ կարող են չենթարկվել Փաշինյանի հիստերիկ հրահանգներին եւ արժանանալ հանրության աջակցությանը։
Օրինակ, պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը չի մարսում իր մտերիմ Նարեկ Զեյնալյանին մանդատից զրկելու որոշումը, սկզբում մտածել է մանդատից ինքն էլ հրաժարվել, հետո փոշմանել է եւ հրաժարվել առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը սա ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ մեծ հանդգնություն, ու ՔՊ-ում խոսակցություններ կան, որ հաջորդ sms-ը կարող է հենց Լուլուն ստանալ: Սակայն մտերիմները վստահեցնում են, որ Աղազարյանի եւ Ասլանյանի պես Լուլուն չի պայքարի: Ասում են նա սկսել է «նեղ կռուգում» խոսել, որ ամենավատ երազում չէր տեսնի, որ իր երկրպագած իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսպիսի բռնապետ կդառնա»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Նշել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
Խ
Այս տեղեկությունը ոչ միայն չէր հերքվել, այլև ընդամենը մի քանի օր անց իշխանություններն արգելել էին ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, որը ժամանել էր ծնողների գերեզմանին այցի: Այս հանգամանքը Ռուսաստանից շտապեցին գնահատել որպես «բացարձակապես ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»: Թե որքանով էր այս արգելքը կապված մեր նշած ցուցակի հետ, ժամանակը ցույց կտա, սակայն փաստ է, որ իշխանամերձ «արևմտյան»՝ այսպես կոչված՝ «սորոսական» շրջանակները էյֆորիայի մեջ էին Միհրանյանին Հայաստան չթողնելու փաստից: Ավելին, «քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից:
Ի մասնավորի, նրանցից մեկը երեկ հայտարարել էր, թե պետք է արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան: Կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը «ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով պետք է նպաստեր ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով՝ Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»:
Իսկ ինչ արեց այդ կառույցը. «ձախողվեց», ինչպես խոստովանել է հենց ինքը՝ հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի պատճառով պետությունը ոչ թե տասնյակ միլիոններ է կորցրել, այլ, ընդհանուր հաշվարկով, վնասը հասնում է 25 միլիարդ դրամի կամ մոտ 63 մլն դոլարի:
2019 թվականին, երբ ձեւավորվեց ԱՆԻՖ-ը, ոչ ոք չէր մտածի, որ այն կարող էր դառնալ ժամանակի կոռուպցիոն գործարքների որջը։
«Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ պետությանը ներդրումներ ապահովելու կոչված մարմնի համար 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր:
Բացի դրանից, ՀՀ Կառավարության որոշմամբ ներդրվել է գրեթե 5 մլրդ ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։
Այսինքն՝ 2 նախագծերի համար ընդհանուր բյուջեից ծախսվել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ։
2022 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1.3 մլրդ դրամ է եղել, որտեղ հիմնականում աշխատել են ուժային կառույցների աշխատակիցների բարեկամները՝ աստղաբաշխական աշխատավարձերով:
Շարունակենք շարքը.
«Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։
Եթե վերջնականացնենք այս խոշոր հաշվարկը, գումարենք ԱՆԻՖ-ի լուծարման համար հատկացված 1,7 միլիարդ դրամը, «Ֆլայ Արնա» ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի վարչական ծախսերի համար հատկացված 11 մլրդ դրամը, «Ձեռնարկատեր + պետություն» ՓԲԸ-ի կողմից ղեկավարվող ծրագրերի համար հատկացված 10 մլրդ դրամը եւ պետական գնումների կայքում առկա ծախսերի ֆինանսական հաշվետվությունների մնացորդները (2023-ի հաշվետվությունը չկա), ապա կստացվի, որ մի կլորիկ գումար՝ մոտ 25 մլրդ դրամ՝ գրեթե 63 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել պետության կողմից, բայց գրեթե բոլոր ծրագրերը ձախողվել են:
Հիշեցնենք, որ ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը, եւ նույնիսկ լուծարման համար ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 1,7 միլիարդ դրամ ուղղեց՝ վարկերի մարման, աշխատակիցների վերջնահաշվարկի ու այլնի համար:
Խոսելով իր իշխանության ամենամեծ թալանի մասին եւ պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխանատու (ԱՆԻՖ-ի) լուծարման համար, Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսի 31-ին տված իր ասուլիսի ժամանակ այսպիսի պատասխան հնչեցրեց.
«Պետք է ստանանք պատասխաններ ԱՆԻՖ-ի լուծարման վերաբերյալ։ Այդ գործընթացն այնքան էլ աննկատ չի եղել, այդտեղ կան ձախողումներ, այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում, ես հուսով եմ, որ մենք կստանանք պատասխաններ։ Եթե ձախողված պրոյեկտներից խոսենք, կարող ենք էլի պրոյեկտներից խոսել, յուրաքանչյուր երկրում պարտադիր կան ձախողված պրոյեկտներ»:
Այսինքն՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ այս նախագիծը ձախողվել է, սակայն քողարկված է մնում՝ կոնկրետ ով, ինչպես տապալեց ծրագրերը եւ մսխեց պետության եւ հերոս հարկատուների կողմից հավաքագրված պետբյուջեի գումարները:
Հիշեցնենք, որ Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, միաժամանակ 2018-2021 թթ. նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը։
Տեղեկացնենք, որ այս մասով քրեական վարույթ է հարուցվել տարբեր դիմումների հիմքերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ 3-րդ մասի 3-րդ կետով՝ (վստահված գույքը հափշտակելը` առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ՀՀ կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից լիազորությունները ի վնաս այդ կազմակերպությանն օգտագործելը, ինչի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։
Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ, սակայն այս ամենի համար որեւէ մեկը մինչ օրս չի մեղադրվել։