Ովքեր են Բագրատ սրբազանի խոսնակները, Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ, համոզեցիք, թեկուզ՝ քշելով, մեր շուրջբոլորը տրանսպորտային լուրջ տեղաշարժեր են նախանշվում, որոնք շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ու նպատակներ ունեն: Նախ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ, նշվում է նաև որպես «Միջին միջանցք») գործարկվել է Չինաստանից Թուրքիա առաջին բեռնատար գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով 110 կոնտեյներով: Գնացքը մեկնել է չինական Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինից և պետք է ժամանի Ստամբուլ՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով:
Նկատենք, որ ներկայում Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են մի քանի երթուղով, որոնք անցնում են Կենտրոնական Ասիայի երկրներով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով: Այդ հանգամանքը, ինչպեսև Չինաստանի՝ դեպի եվրոպական երկրներ ելնելու, իսկ հընթացս նաև երթուղու երկրների շուկաներ ու ներդրումային միջավայր ավելի մեծ ծավալով ներթափանցելու մղումը նկատի ունենալով՝ Ադրբեջանը ձգտում է ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այստեղ նշենք, որ նմանապես Վրաստանն է ձգտում Չինաստանի հետ ավելի սերտորեն համագործակցել՝ համաձայնելով ավելի մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստհանգույցի շինարարությունը վստահել ՉԺՀ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերջերս Չինաստանի հետ հուշագիր ստորագրեց «Միջին միջանցքի» (ՏՄՏԵ) վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև այդ երթուղի նոր բեռնահոսքեր ներգրավելու, երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Խոսք կարող է լինել Չինաստանի կողմից Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների սուբսիդավորման մասին: Ավելին, նախօրեին «Համագործակցության Շենհայի կազմակերպության» անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ՉԺՀ նախագահը Աստանայում մի շարք հայտարարություններ է արել այս առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, նպաստել Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների սպասարկումը բարելավելուն, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը՝ նպատակ ունենալով տրանսպորտային փոխկապակցվածության ճյուղավորված և բարձր արդյունավետությամբ ցանցի կատարելագործումը:
Ձևավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում այդ ցանցը կարծես ձեռնտու է բոլորին, բայց առաջին հերթին դրանից կարող են շահել Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրները: Կոնկրետ Թուրքիայի համար հիշատակված «Միջին միջանցքը» լավ հնարավորություն է նշված երկրների ու Ադրբեջանի միավորման, պարզ ասած՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համար գետնի վրա շատ կոնկրետ հենք ստեղծելու տեսանկյունից: Գործնականում դա կարող է լինել «պանթյուրքիզմի» «կյանքի ճանապարհը»:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նախագծի հիմնական շարժիչ ուժը՝ ֆինանսատնտեսական ու բեռների ապահովման տեսանկյունից, հենց Չինաստանն է: Մինչդեռ Չինաստանն ինքը որոշակի խնդիրներ ունի թյուրքախոս փոքրամասնության հետ, մասնավորապես, ույղուրական ինքնավարության մասով: Մյուս կողմից՝ Չինաստանի համար այդ երթուղին ելք է դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Սև ծով, ըստ որում՝ ԱՄՆ վերահսկողությունից դուրս: Գաղտնիք չէ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ընդգրկուն տարածաշրջանում ԱՄՆ-ն որոշակիորեն վերահսկողություն ունի, ինչը Չինաստանին, մեղմ ասած՝ դուր չի գալիս: Ի դեպ, այս թեմային արդեն իսկ բավական անդրադարձներ կան:
Ի մասնավորի, տելեգրամյան ալիքներից մեկը գրում է. ««Միջին միջանցքը» կարող է անցնել նաև Հայաստանով, սակայն դրա համար պետք է իրագործվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Բաքուն և Անկարան Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը շաղկապում են նախապայմանների հետ. ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի տրամադրում, անկլավների վերադարձ Ադրբեջանին և այդպես շարունակ: Դա նշանակում է, որ ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմավարական առումներով Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են Հայաստանը վերածել «ձախողված պետության» («failed state») ու պարզապես օգտագործել Հայաստանի տարածքը՝ զուտ որպես տրանզիտային գոտի կամ միջանցք՝ Մեծ Թուրան ծրագրի համար, որն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև՝ ՉԺՀ-ի դեմ»: Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին ժամկետանց խոսակցություններով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։
Հանդիպմանը մասնակցել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ինչպես հանրությանը հայտնի ակտիվ գործիչներ, այնպես էլ անհայտ դեմքեր։ Մասնակցել են Թեւան Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը, Կարեն Բեքարյանը եւ այլք։ Քննարկվել են շարժման մարտավարությունը եւ խոսնակների դերը: Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտություն կա, ամեն մեկը պետք է խոսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացահայտումներ անեն, իշխանության ստերը վեր հանեն՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ու հոգեւոր եւ այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտավոր կարողությունները եւ հորդորել է ակտիվ ներգրավվել իշխանության դեմ պայքարին՝ կլինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թե հեռուստատեսության: Ասել է, որ պետք է թիրախային աշխատանք տանել, սակայն հստակ հանձնարարականներ չի տվել, նշել է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանատվություն վերցնի եւ ակտիվ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշվել է, որ տեղեկատվական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ:
Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզելով, որ վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել: Պարզվում է՝ նույնականացման քարտերի առցանց հերթագրման վերացման արդյունքում առաջացած «թափուր» օրերին ու ժամերին հերթագրման հնարավորություն է ավելացել այլ ծառայությունների, այդ թվում՝ անձնագրավորման համար, սակայն երբ հերթագրված քաղաքացիները մոտենում են անձնագրային բաժիններ, պարզվում է, որ իրենց անունը ցուցակներում չկա:
Մարդիկ ստիպված են տեղում հերթագրվել և ժամերով սպասել: Մարդկանց բողոքներին ի պատասխան՝ բաժիններում ասում էին, թե իրենք կապ չունեն, և կոչ էին անում դիմել թեժ գիծ: Իսկ վերջինիս զանգահարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. կա՛մ համարը զբաղված է, կա՛մ պատասխանող չկա...