Opel-ը բախվել է ԳԱԶ 3102-ին, ապա փլուզել բնակչի շինության պատը. մահացած վարորդի ծննդյան օրն է եղել

Opel-ը բախվել է ԳԱԶ 3102-ին, ապա փլուզել բնակչի շինության պատը. մահացած վարորդի ծննդյան օրն է եղել

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի ազրում: Ժամը 00:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Մովսես Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Արամայիս Հ.-ին պատկանող կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե սյան վրա տեղադրված երկաթե արկղին, առաջ ընթացել, բախվել Արամայիս Հ.-ի տան՝ մի քանի մետր երկարությամբ պատին, փլուզել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մովսես Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տուժած տան ընտանիքի անդամներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության  Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կայանված «ԳԱԶ 3102»-ը, և «Opel»-ը, ապա տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով «Opel»-ը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողբերգական ավտովթարից րոպեներ առաջ մահացածի ծննդյան օրն էր: