Էս երկրին ուժեղ առաջնորդներ են պետք, որը հաստատ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը չպետք է լինեն

Էս երկրին ուժեղ առաջնորդներ են պետք, որը հաստատ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը չպետք է լինեն

«Անպայման չէ, որ սահմանազատման, ավելի ճիշտ՝ դրա քողի տակ հայկական հողերի հանձնման գործընթացը հասնի բոլոր գյուղեր ու քաղաքներ, որ զարթնենք քնից, սթափվել է պետք։ Մանավանդ, որ միակողմանի զիջումներից հետո մեր ղեկավարությունը մեզ խաղաղություն չի խոստանում։ Հասկանում եք, ասում են՝ «հանձնենք, որ խաղաղ ապրենք», բայց չենք երաշխավորում, որ պատերազմ չի լինի»,- MediaHub-ին այսպես իր մտահոգությունը հայտնեց Ոսկեպարի բնակիչներից մեկը՝ նշելով, որ օրեր առաջ էլ Ոսկեպարում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունից սահմանապահ է վիրավորում ստացել։ 

Առաջին պատերազմի վետերաններից մեկին  այլևս չի զարմացնում Նիկոլ Փաշինյանի և ոչ մի քայլ։ Զայրանում է մեր զրուցակիցը, ընդգծում, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ 

«Մարդ ինչքան անհայրենիք պետք է լինի, որ թշնամուն բանտիկով հանձնի ռազմավարական առումով կարևորագույն բարձունքները։ Դրանով նա մոտեցնում է պատերազմը, ոչ թե խաղաղություն է բերում։ Հիմա սրանց ո՞նց բացատրես, որ մեր սերունդը դեռ ոտքի վրա է, նորից կազատագրենք, թե պետք լինի՝ կզոհվենք, բայց թշնամու առաջ իմ փոխարեն ծնկի մի արի։ Դու քեզնով ինձ ու իմ երկիրն ես նսեմացնում»։

Դեպի Վրաստանի սահման Կիրանցը շրջանցող նոր կառուցվող ճանապարհին ևս անդրադարձան սահմանամերձ գյուղերի բնակիչները, որ թշնամուն մոտեցնելով հայկական բնակավայրերին՝ պետք է պատրաստվենք պատերազմի։   

«Հայկական գյուղերը, գերեզմանները, միջպետական ճանապարհները, ջրամբարները կտոր-կտոր տալիս է թշնամուն։ Մենք այստեղ մոռացել ենք մեր հանգստի մասին, գիշեր-ցերեկ մտորումների մեջ ենք, թե հաջորդը ո՞ր գյուղը կլինի, մեկ էլ տեսնում ենք բերանները բացած հեծանիվ են քշում։ Կամ աղետի գոտի են գնում հրճվելով, իբր բան չի եղել։ Էս երկրին ուժեղ առաջնորդներ են պետք, որը հաստատ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը չպետք է լինեն»,- սա էլ սահմանամերձ գյուղում ապրող  վաստակաշատ մանկավարժի կարծիքն է։ 

Ոսկեպարցի մեր զրուցակիցներն ասացին, որ հանգստյան օրերին դեպի եկեղեցի այս անգամ չեն գնացել․ ականի պայթյունի դեպքից հետո մտավախություն ունեն։

Հունան Թադևոսյան