«ՄԻՐ»-ի հետքերով. նոր խոչընդոտներ ՌԴ-ից զբոսաշրջիկների ու ռելոկանտների համար 

«ՄԻՐ»-ի հետքերով. նոր խոչընդոտներ ՌԴ-ից զբոսաշրջիկների ու ռելոկանտների համար 

Ռուսական «ՄԻՐ» քարտատեսակի գործունեությունը Հայաստանում կարգելվի։ Երեկվանից այս լուրը ակտիվ քննարկվեց թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան լրատվամիջոցներում: Ու թեև ռուսական կողմը հավաստիացնում է, որ Հայաստանում մեկ բանկ կշարունակի սպասարկել քարտերը, այդուհանդերձ այս լուրը մեծ անհանգստություն է հարուցել, հատկապես տուրիստական ոլորտում:

Խնդիրն այն է, որ ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկները օգտվում էին «ՄԻՐ» քարտատեսակից, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով այլ համակարգերը ՌԴ համար փակ են: Հիմա ստացվում է, որ նրանք ստիպված են լինելու իրենց հետ մեծ քանակությամբ կանխիկ գումար բերել, ինչն անշուշտ հավելյալ բարդություններ է առաջացնելու: Այսինքն՝ կստացվի, որ Հայաստանը որպես հասանելի ուղղություն ընտրող ՌԴ քաղաքացիները (նրանք ՀՀ կարող են ժամանել ներքին անձնագրերով) կարող են կասկածի տակ դնել այս ուղևորությունը այս խոչընդոտի պատճառով:

Բացի այս, բազմաթիվ հայեր Ռուսաստանից գումար էին փոխանցում Հայաստան կամ Հայաստանից ՌԴ հենց «ՄԻՐ» քարտատեսակով։ Արգելքը կազդի նաև տնտեսության վրա:  
ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Էմման MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ իրեն շատ հարմար էր «ՄԻՐ» քարտատեսակից օգտվել՝ Հայաստանում անխոչընդոտ ռուսական քարտով գնումներ էր կատարում, իսկ պետք եղած ժամանակ գումար փոխանցում թե՛ ռուսական հաշվին, թե՛ հայկական։
«Սա ի՞նչ բան է, որ անում են։ Միակ քարտատեսակն էր, որով կարողանում էի Հայաստանում գնումներ կատարել, գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան կամ հակառակը: Ի՞նչ ենք անելու»,- ասում է Էմման։

MediaHub-ը կապ հաստատեց նաև տուրիստական կազմակերպությունների հետ, որոնք հանրապետությունում ներգնա տուրիստական ծառայություններ են մատուցում այդ թվում և ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկներին: Ընկերություններից մեկից մեզ փոխանցեցին, որ այո՛, ռուսաստանցի զբոսաշրջիկները մեծամասամբ վճարումները կատարում էին «ՄԻՐ»-ով, քանզի հիմնականում վճարումը կատարվում էր նախապես, ամրագրելու ժամանակ՝ մինչ Հայաստան ժամանելը։ 

Մեկ այլ ընկերությունից էլ նշեցին, որ այլընտրանք, այդուհանդերձ, մնում են «ՎՏԲ» բանկի քարտերը, որոնցով նախկինում էլ վճարում էին և հիմա էլ կշարունակեն: Ի դեպ, միակ բանկը, որի քարտերով ռուսաստանիցները կկարողանան գնումներ անել Հայաստանում, հենց ՎՏԲ-ն է:

Մեկ այլ խնդիր էլ կա. Ռուսաստանից Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերը, այսպես կոչված ռելոկանտները, նաև աշխատավարձ էին ստանում ՌԴ-ից։ Օրինակ, մեր զրուցակից Նատալյան, որը հեռավար աշխատում է Հայաստանից, իսկ աշխատավարձը ստանում է «ՄԻՐ» քարտատեսակով։ «Հիմա ես չգիտեմ ինչ անել։ Ես առցանց եմ աշխատում և եթե «ՄԻՐ» քարտատեսակը այլևս չաշխատի Հայաստանում, ես չեմ կարողանա աշխատավարձս ծախսել, իսկ հայկական քարտ դեռ չեմ կարող հանել։ Սա նշանակում է կա՛մ ես պետք է վերադառնամ Ռուսաստան, կա՛մ աշխատանքս փոխեմ, քանի որ ՌԴ-ում գործատուս չի ընդունում հայկական քարտերը, ասելով, որ չի կարող աշխատավարձը այդ քարտին փոխանցել»,- ասաց Նատալյան։

Հիշեցնենք, փետրվարի 23-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ազգային վճարային քարտերի համակարգի՝ «ՄԻՐ» օպերատորի նկատմամբ։

Մարիաննա Արամյան