Ալեքսանդր Ազարյանը հրաժարական տվեց. հայտնի է՝ ով նրան կփոխարինի

Ալեքսանդր Ազարյանը հրաժարական տվեց. հայտնի է՝ ով նրան կփոխարինի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, վերջինիս լիազորությունները դադարեցվել են: Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է ԲԴԽ-ի հրապարակած որոշումից։ 

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով (ԲԴԽ-ն արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը), 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում) եւ 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»,-ասված է հայտարարության մեջ։ 

Նշենք, որ սրան հաջորդել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար Գրիգոր Հովհաննիսյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը։ 

Լիաննա Թորոսյան