Իրականում ինչպե՞ս են Ոսկեպարում դիմավորել Փաշինյանին 

Իրականում ինչպե՞ս են Ոսկեպարում դիմավորել Փաշինյանին 

Նիկոլ Փաշինյանին հարազատ Տավուշում այսօր այնքան էլ լավ չեն ընդունել, թեև սոցցանցերում իշխանական թևը ակտիվ տարածում է նկարներ, թե որքան լավ և արյունավետ է անցել հանդիպումը։

«Հանդիպումից առաջ բոլորից հեռախոսները հավաքել են, որ ոչինչ չձայնագրվի, չնկարվի, բացի այդ, հանդիպմանը հատուկ մարդկանց են տարել, որ ցույց տան՝ Փաշինյանն աջակիցներ ու համակիրներ ունի, իրեն աջակցողներ կան»,- MediaHub-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը զրուցել է բազմաթիվ ոսկեպարցիների հետ։

Նրա խոսքով՝ ոսկեպարցիները բազմաթիվ հարցեր են հնչեցրել՝ ի՞նչ է սպասվում իրենց՝ չորս գյուղերը հանձնելուց հետո, արդյո՞ք իրենք այդ ամենից հետո ապահովագրված են լինելու։ 

Ի պատասխան հնչած հարցերի՝ Փաշինյանն ասել է՝ հույս կա, որ Ադրբեջանը չի հարձակվի, հակառակ դեպքում հաստատ պատերազմ կսկսվի, այն էլ՝ Թուրքիայի մասնակցությամբ։

Բացի այդ, գյուղացիներին հետաքրքրել է, թե այդ ամենի դիմաց ի՞նչ է ստանալու հայկական կողմը, սակայն Փաշինյանը ոչ մի բան այդ մասով չի ասել, միայն նշել է, որ Հայաստանի գերնպատակը խաղաղության հասնելն է։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «անկլավներին», ապա Փաշինյանը նշել է, որ դրանց մասով այս պահին ոչ մի բան չկա, այս պահին չորս գյուղերն են ադրբեջանցիները պահանջում։

Գյուղացիները նաև կոմունիկացիաների մասին են հարցեր հնչեցրել, հետաքրքրվել են, թե Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան  երթևեկությունն ինչպե՞ս է ապահովվելու, որին ի պատասխան Փաշինյանը խոստացել է անվտանգ կոմունիկացիաներ ստեղծել, անհրաժեշտության դեպքում՝ անգամ ստորգետնյա, թունելային ճանապարհով։ «Ոչ մի հստակ պատասխան չի հնչել, միայն ամեն գնով վախեցրել է մարդկանց, որ չորս գյուղերը չհանձնելու դեպքում պատերազմ կսկսվի»,- նշեց Դանիելյանը։

Նարե Գնունի