ԵՄ ծրագրի միջոցով հայրենադարձները զարգացնում են իրենց բիզնեսը սահմանային շրջաններում

Մաշուրյանների ընտանիքի պլաստմասե իրերի և թելերի արտադրությունը շուրջ 34 տարվա պատմություն ունի։ 90-ականներին Գորիսում հոր կողմից ստեղծված բիզնեսն այսօր շարունակում է որդին՝ Արսենը։
Հին ու բարի ժամանակներից մնացած հուշերն են էլեկտրական սրճեփը, շշի խցանները, ջրատաքացուցիչն ու գրիչները։ Այլևս չեն արտադրում, պահանջարկ չունի, փոխարենն արտադրում են պոլիպրոպիլենային ժապավեններ, թելեր՝ խոտի հակն ամբողջացնելու համար։
Փոքր այս ձեռնարկությունն անցած տարիներին աշխատանքը երբեք չի դադարեցրել։ Հատկապես հակի թելերը մշտապես պահանջված են և ունեն իրենց սպառողները։
«Ցավոք, սպառման 40 տոկոսը կրճատվեց Արցախի հայաթափումից հետո։ Դրա հետ մեկտեղ ահագին տարածքներ ու արոտավայրեր անցան թշնամուն։ Հիմա մենք դա կոմպենսացնում ենք Հայաստանի այլ մարզերում։ Չնայած Գորիսը գրեթե բոլոր կողմերից սահմանամերձ է համարվում, սակայն շարունակում ենք ապրել մեր բնականոն կյանքով, ներդրումներ ենք անում, աշխատում և նոր աշխատատեղեր ենք բացում մեր քաղաքում»,- MediaHub-ին ասաց Արսեն Մաշուրյանը։
Ձեռնարկությունը նորարարական համակարգերով թարմացնելու և բիզնեսը զարգացնելու համար օգնության ձեռք է մեկնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։
«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում շահառուն ընկերությունից պետք է ստանա է 3,5 միլիոն դրամ գրանտ։
«Քանի որ ծրագիրն աջակցում է հայրենադարձ միգրանտներին, մեր ընտանիքում շահառուն կինս է։ Ապրել է ՌԴ-ում։ Իմանալով ծրագրի մասին դիմել ենք, այնուհետև մասնակցել օնլայն դասընթացներին։ Գումարը ստանալուց հետո ավելի կընդլայնենք բիզնեսը՝ տեղադրելով 15 կիլովատ դրվածքային հզորության արևային կայան»,- նշեց մեր զրուցակիցը։
Արտադրանքի հիմնական սպառումը կատարվում է ամռան սեզոնին։ Հումքը բերվում է Իրանից։ Այս պահին արտադրվում է 15 տեսակի պլաստմասե տարբեր արտադրանքներ։
Հունան Թադևոսյան