Ընդդիմության օրակարգը սպառվե՞ց...

Ընդդիմության օրակարգը սպառվե՞ց...

Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին ընդդիմության նախագիծը տապալվեց։ Իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը, միայն ընդդիմադիրները կողմ քվեարկեցին։

Իշխող խմբակցությունը թեև համաձայնել էր արտահերթ նիստում ընդդիմության հայտարարությունը քննարկել, բայց դեմ էր, որ այն ընդունվի։ Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին՝ Հայաստանի խորհրդարանը հայտարարություն ընդունի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով առանց սահմանափակումների։

Այս անգամ իշխանությունը որդեգրեց այլ մարտավարություն՝ չգնաց նիստը տապալելու ճանապարհով, նույնիսկ բանակցություններ նախաձեռնեց ընդդիմոթյան հետ ու թվում էր՝ Հայաստանի գործող ԱԺ-ն առաջին անգամ կոնսենսուսային փաստաթուղթ է ընդունելու ԼՂ, անվտանգային խնդիրների վերաբերյալ:

Բայց արդեն երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ կոմպրոմիս չի կայացել:

Իշխանության մարտավարությունը փոխվել է, բայց դիրքորոշումը՝ ոչ. ՔՊ-ն առաջարկել էր տեքստից հանել բոլոր այն ձևակերպումները, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող էին ենթադրել ԼՂ անկախություն: Ընդդիմությունը, բնականաբար, այս առաջարկները մերժել է:

Այսպիսով, խորհրդարանի այսօրվա նիստը բացահայտեց, որ ԼՂ հարցում Հայաստանի քաղաքական համակարգը չունի կոնսենսուս:

Այդ դեպքում՝ ի՞նչ շահեց իշխանությունը՝ այսօրվա նիստը չտապալելով:

Ըստ ամենայնի, միջազգային գործընկերներին ուղերձ հղվեց, որ Հայաստանում ամենակառուցողականն իշխանությունն է: Այս հանգամանքն, իհարկե, ամենևին էլ չի վերացնում Հայաստանի առջև ծառացած ռիսկերը, բայց կարևոր է Փաշինյանի համար՝ որպես քաղաքական դիվիդենտ:

Նիստի անցկացումն որոշակիորեն փրկեց նաև խորհրդարան վերադարձած ընդդիմության դեմքը: Նրան այլևս թույլ են տալիս՝ արտահերթ նիստ անցկացնել, սակայն՝ միայն այսքանը:

Հեռանկարի իմաստով՝ ընդդիմությունը հեղինակության և իմիջի կորուստ է ունենալու, որովհետև, ըստ էության, մասնակից է դառնում Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության լեգիտիմացմանը:

 

Վահրամ Բագրատյան