Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին․ նա ՔՊ-ականներից ստուգարք է վերցրել․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին․ նա ՔՊ-ականներից ստուգարք է վերցրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը կուսակցության երեւանյան գրասենյակում նախօրեին հերթական երկժամանոց հանդիպումն է ունեցել կուսակտիվի հետ, որի վերաբերյալ կուսակցությունից ոչինչ չասող՝ հերթապահ պաշտոնական հաղորդագրությունը տարածեցին, հայտնելով, որ նիստին «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նիստի օրակարգային թեմաները եղել են երկուսը՝ անհատի անկախության եւ ազատության  հարցերը։ Եվ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին առաջարկել է իրենց պատկերացումները ներկայացնել անկախության եւ ազատության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ նույն թեման ավելի լայն ասպեկտով էր քննարկվել՝ Հայաստանի, իբրեւ պետության, անկախության ու ազատության խնդիրների պրիզմայով, խոսվել էր արտաքին գործընկերների հետ փոխհարաբերությունների, ազատության, անկախության պատկերացումների մասին: Իսկ նախօրեի նիստին Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակիցներից ստուգարք վերցնել. «Արդյոք իրենք իրենց անկախ եւ ազատ մա՞րդ են համարում, ինչո՞ւ են անդամակցել ՔՊ-ին ու շարունակում են ՔՊ-ական մնալ» թեմաներով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ավելի տաղտկալի, տհաճ քննարկում դժվար է պատկերացնել, քան եղել է նախօրեի հանդիպումը, որը «շեֆին» ու իր հիմնադրած կուսակցությանն ուղղված քծնանքի եւ գովեստների կոմունիստական երեկո է հիշեցրել: Ոմանց ելույթներն այնքան շատ պաթոս եւ քծնանքի գերդոզավորման չափաբաժին են ունեցել, որ անգամ ՔՊ-ականների մի մասն է զարմացել։ Ով չի ալարել, ամբիոնից երկար-բարակ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ նրա կուսակցության դավանած բարձր ու վեհ սկզբունքների եւ գաղափարների մասին, ընդգծել է, որ հենց դա է եղել իր՝ ՔՊ-ում հանգրվանելու գլխավոր պատճառը։ 

Ոմանք փորձել են խելացի երեւալ եւ դասագրքային ճշմարտություններ են ընթերցել: Դիցուք, Հակոբ Ասլանյանն իր ծանր ելույթով շատերի մոտ գլխացավ է առաջացրել։

Հովիկ Աղազարյանն էլ փորձել է դեմոկրատիայի պատրանք ստեղծել, թե` տեսեք-տեսեք, ինքը չի գովում վարչապետին, ճիշտ հակառակը` բարձրաձայնում է իր խախտված իրավունքների մասին: Նա, մոտենալով ամբիոնին, հայտարարել է, թե իրեն ամենեւին էլ անկախ ու ազատ մարդ չի համարում, եթե այդպես լիներ, ապա իրեն չէին պարտադրի ելույթ ունենալ՝ այն պարագայում, երբ ինքը նախապես չի գրանցվել ելույթի համար։ Պատմում են, որ Փաշինյանը եղել է բացառապես լսողի դերում, երկու ժամից ավելի համակ ուշադրությամբ վայելել է կուսակիցների քծնանքն ու շողոքորթ ելույթները։  

Սա նշանակում է, որ անվստահության ու կասկածի որդը սկսել է հիմնավորապես կրծել Նիկոլ Փաշինյանին ներսից, եւ նա կասկածում է բոլորին ու փորձում է հասկանալ, թե ով ինչ տոնայնությամբ է իրեն քծնում, նաեւ հավատարմության լրացուցիչ ապացույցներ է ուզում ստանալ՝ փորձելով կուսակցությունը պահել իր կոնտրոլի տակ: Սա մի կողմից, հավանաբար, այն լուրերով ու տեսակետներով է պայմանավորված, թե ինքը նույնիսկ իր թիմում իրավիճակին չի տիրապետում։ Հատկապես, որ ներիշխանական անցուդարձը հուշում է, որ իշխանության ներսում այլեւս չկա նախկին միասնականությունը` թիմը բաժանվել է թեւերի, խմբերի, եւ այդ թեւերի միջեւ միմյանց նկատմամբ խուլ հակամարտություն է, անգամ` ատելություն։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացել է, որ իշխանափոխություններն ավելի հաճախ լինում են ներսից, եւ փորձում է կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպել՝ դրանցից բխող հետեւանքներով։ Մյուս կողմից, նրան քննադատողներն են շատացել, քծնող թիմակիցներով թերեւս փորձում է բալանսավորել եւ կարգավորել իր հոգեվիճակը:

ՔՊ նորընծա պատգամավոր Տիգրան Պարսիլյանը նույնպես ելույթ է ունեցել ՔՊ նշված նիստում: Նա մանդատ ստացավ Մաթեւոս Ասատրյանի հանկարծամահ լինելուց հետո: Երեկ պատասխանելով ՔՊ-ին անդամակցելու եւ ՔՊ-ում մնալու պատճառների մասին մեր հարցին, ասաց․ «Ես ՔՊ-ական եմ, որովհետեւ, երբ ՔՊ նախաձեռնությունը, ոչ թե կուսակցությունը, եղել է, ինքը բավարարել է իմ սկզբունքների 99 տոկոսը։ Իսկ հետագայում լուրջ շեղումներ չեն եղել»: Բայց հրաժարվեց թվարկել ՔՊ-ի մեկ-երկու սկզբունք։

Փորձեցինք «հուշել»՝ արդյո՞ք սկզբունքների եւ գաղափարների մեջ մտնում էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցը։ «Մենք խոսում ենք սկզբունքներից ու գաղափարների՞ց, թե՞ տեղի ունեցածից»,- հարցին հարցով պատասխանեց Պարսիլյանը։ Մեր դիտարկմանը՝ եթե հաշտ ես տեղի ունեցածի հետ եւ չես խզում կապդ այն ուժի հետ, որը «տեղի ունեցածի» հեղինակն է, նշանակում է` դա է քո սկզբունքը: «Մենք պատահականությունները չենք պլանավորում»,- անդրդվելի մնաց ՔՊ-ականը՝ շարունակելով․ «Որովհետեւ ապագան չի պլանավորվում, ապագան նաեւ պատահականություններից է կախված»: Բայց երբ «պատահականություններից» հետեւություն չես անում, ուրեմն դրանք այնքան էլ պատահականություն չեն։ «Ես շատ բաներից եմ կարողանում հետեւություն անել եւ անում եմ, ցտեսություն ձեզ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում