Ադրբեջանը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը ցեղասպանելու քաղաքականությունը
Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում ԼՂ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը, այդուհանդերձ, ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանելու քաղաքականությունը։
«Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից։ Այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում, կամ ավելի սուր հատվածում միակողսմանիորեն բացել Լաչինի միջանցքը․ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։ Այսուհանդերձ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Միջազգային մեխանիզմների առկայությունը պարտադիր է, հակառակ դեպքում Բաքուն վիժեցնում է գործընթացը»,- նկատեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային հանրության ուշադրությունը պետք է ավելացնել։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Հաագայի դատարանի երկու վճիռները, որոնցով պարտադրվում է երկու ուղղություններո պարտադիր բացել ճանապարհը։
«Մենք պետք է առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է։ Առաջնահերթությունը մնում է ԼՂ հրատապ հումանիտար բեռների հասցեագրումը»,- շեշտեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։