Ինչպես կարող ենք միասնական լինել մեր ժողովրդին խաբող, ստող իշխանության հետ․ Ա․ Թևանյան
Քիչ առաջ ականատես եղանք հերթական ստի ու խաբեության դրսեւորմանը․ «ՔՊ» խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ նախագծի մեր տարբերակը, որով փաստացի հրաժարվեց 2021թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից:
MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը։
«Սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ»,-շեշտեց նա։
Ալիեւին, ըստ Թեւանյանի, 3 հանգամանք է հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ եւ հանցավոր գործողությունների։
Ադրբեջանի ղեկավարի՝ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների հիմքը պատգամավորը տեսնում է Պրահայում Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ ձեռք բերված համաձայնության մեջ, առ այն, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։
«Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված փուլ են ապրում եւ այն թեւեր է տալիս Ալիեւին։ Կա երրորդ հանգամանք, որ ի տարբերություն Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ եւ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի»,-մեկնաբանեց Թեւանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանն այլեւս ժամանակ չունի, պետք է համընդանուր կոնսոլիդացիայի հասնել, մարդիկ պիտի պատկերացնեն, թե ինչ է սպասվում Հայաստանին։
Լրագրողի հարցին, թե ինչու ընդդիմությունն ու իշխանությունը չեն նստում մի սեղանի շուրջ, Թեւանյանն արձագանքեց, թե ստեղծված իրավիճակում ընդդիմությունը իշխանությունների հետ կոնսոլիդացիայի չի կարող հասնել, քանի որ իշխող ուժը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրենք՝ ոչ։
«Իրենք հրաժարվում են ՀՀ հանձնառություններից, մենք կարծում ենք, որ դա սխալ է, գաղափարական եւ ֆունդամենտալ տարբերություն կա եւ մենք գտնում ենք, որ այս իշխանության վարած քաղաքականությունն է նաեւ պատճառը, որ այս վիճակում ենք։ Իրենց հետ միասնական լինել՝ նշանակում է միասնական լինել Ալիեւ-Էրդողան զույգի հետ։ Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել մեր ժողովրդին խաբող, ստող իշխանության հետ»,-նկատեց պատգամավորը
Մանրամասն՝ տեսանյութում: