Թիթեռ նկարելու ժամանակը չկա. հույս ունեմ` Սրբազանը չի ընկել «գալստուկավորների» թակարդը

Երեկ Բագրատ Սրբազանը, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելուց հետո, որոշեց, որ պետք է ուղերձով հանդես գա Հ1–ի ուղիղ եթերում, և շարժվեց դեպի Նորքի բարունք: Թե ինչ եղավ հետո տեսել ենք բոլորս, և դա բուռն քննարկումների առիթ դարձավ:
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցն անգամ ընդդիմության շրջանում բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ, շատերը նշում են, որ Սրբազանն այս քայլով «հեշտացրեց Փաշինյանի գործը», ինչ–որ չափով լեգիտիմացրեց Փաշինյանի իշխանությանը՝ ցույց տալով աշխարհին, որ Հայաստանն իրապես ժողովրդավար երկիր է, որտեղ արմատական համարվող ընդդիմությանը եթեր են տալիս Հանրային հեռուստաընկերության եթերում: Շատերն էլ, հակառակը՝ հաղթանակ են որակում Սրբազանի երեկվա ուղերձը՝ նշելով, թե Սրբազանը գրավեց Հ1–ը։
Մարզահամերգային համալիրում Սրբազանի մեծ հավաքի մեկնարկին ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Թիթեռ նկարելու ժամանակը չկա»։ Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Սրբազանի երեկվա ուղերձը Հ1–ի եթերում, դա, ըստ նրա, «թիթեռ նկարե՞լ է», թե՞՝ ոչ.
«Ես բազմաթիվ քննադատելի գործողություններ ու քայլեր եմ տեսնում ընդդիմության գործողություններում, բայց ես չեմ լինելու այն մարդը, որը այսօր քննադատելու է ընդդիմությանը, քանի որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը իշխանությունը պահելու համար որևէ կարմիր գիծ չունի: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն ունի ՌԴ–ի և Արևմուտքի սատարումը, քանի որ հազիվ նրանց ձեռքը ընկել է մի իշխանսւթյուն, որն իրենց աշխարհաքաղաքական շահերի համար կարող են պոկել առավելագույնը»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, հոկտեմբեր ամսին Հայաստանով մեկ ամեն օր փառատոններ են՝ պանրի, պոպոկի, դդմի, մեղրի, թելի, և ըստ նրա՝ այս փառատոններով, երգով ու պարով «բթացնում են» հասարակության իմունիտետը հերթական պարտությունից հետո։
«Այս ֆոնին ցանկացած ընդդիմադիր շարժման համար դժվար է լինելու հասարակությանը արթնացնելու, քանի որ հասարակությունը նստում է «Чай, кофе, потанцуем» թմրամիջոցի վրա, մեր հասարակությանն այս ռեժիմը նստեցրել է մահաբեր սիմֆոնիայի վրա, որով տանում է մորթելու, պետականության կործանման, և դա անում է այս փառատոններով»,– շեշտեց Զոհրաբյանը։
Օբյեկտիվ դժվարություններ կան ընդդիմության համար, շարունակեց նա, տվյալ դեպքում Սրբազան պայքարի համար, և ըստ Զոհրաբյանի՝ հստակ պետք է լինի գործողությունների մարտավարությունը, քանի որ քաղաքացին գալիս է հրապարակ և չի տեսնում հստակ ճանապարհային քարտեզ.
“Քաղաքացուն դժվար է լինելու համոզել՝ մեկ հատ էլ, մեկ հատ էլ, մեկ հատ էլ, խնդիր է, որ հստակ ճանապարհային քարտեզ չկա։ Այն, ինչ ասվում է, բոլորս գիտենք, բա հետո՞, ամեն օր գալ ասել «Ա»՝ հաջորդ քայլը չի, պետք է լինի «Բ», հետո «Գ», և հասարակությունը պետք է տեսնի «Գ»–ից հետո ո՞րն է հանրագումարը և ի՞նչ գործիքակազմով է իշխանությունը հեռացվելու»,– նշեց Զոհրաբյանը։
Հարցին, թե միգուցե՞ ճանապարհային քարտեզ չկա, հստակ քայլեր չկան, քանի որ Սրբազանը պատրաստվում է 2026թ․ ընտրություններին, Զոհրաբյանը պատասխանեց․
«Չեմ կարող ասել, ես այդ որոշումներ կայացնողների խմբում չեմ: Սրբազանի խմբում կան «գալստուկավոր», պանելային քննարկման գուռուներ, որոնց նպատակը 2026թ․ խորհրդարանական ընտրությունն է, որ գան «գալստուկներով» այս ընդդիմության փոխարեն իրենք նստեն: Եվ եթե նպատակը լինի ընդամենը 2026թ․ ընտրություններում մի քանի տոկոս ձայն հավաքելը, պանելային քննարկում կազմակերպողներին տանել և խորհրդարանում նստեցնելը, ինձ համար բացարձակ տարբերություն չկա ՝ խորհրդարանում այսօրվա ընդդիմությունն ա նստած, որը գլոբալ առումով չի կարողանում ոչինչ անել, թե փոխարինելու են այլ մարդիկ: Այսօրվա ընդդիմությունը գոնե պետք եղած դեպքում կարող են կռվել, իսկ պանելային քննարկում կազմակերպողները առաջնագծում երբեք կռվող չե՛ն: Հույս ունեմ՝ Սրբազանը չի ընկել և չի ընկնի նրանց թակարդը»,– հավելեց Զոհրաբյանը։
Ապա հավելեց.
«Եթե ձեր նպատակը ընտրությունն է, ապա լավ մտածեք այն մասին, որ եթե այսպես շարունակվի, ապա 2026-ին թուրքերը ձեզ տեղ չեն թողնելու խորհրդարանում”:
Մարիաննա Արամյան