ՔՊ հաջորդ թիրախը՝ Գյումրի

ՔՊ հաջորդ թիրախը՝ Գյումրի

«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։ Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։

Նման որոշման պատճառն, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:

Թվում է՝ շարքային մի տեղեկատվություն է. ՔՊ-ն Գյումրիում դիրքավորվում է՝ որպես ընդդիմադիր կուսակցություն:
Սակայն երկու իրադարձություններ խոսում են այլ սցենարի մասին:

ՔՊ-ն հետևողականորեն ուզուրպացնում է այն համայնքները, որտեղ մեկ կամ երկու տարի առաջ հաղթանակ են տարել ընդդիմության ներկայացուցիչները: Մենք տեսանք, թե ինչպես իրադարձությունները զարգացան Ախուրյան և Ալավերդի համայնքներում: Գյումրին այս առումով բացառություն լինել չի կարող, մանավանդ, իր մասշտաբով և քաղաքական նշանակությամբ ավելին է, քան վերը նշված համայնքները:

Գյումրու ավագանու մեծամասնություն կազմող Բալասանյան դաշինքի «սեփականատեր» Սամվել Բալասանյանի որդուն Հայաստանի քաղաքական իշխանությունը սեպտեմբերին նշանակել է Իրաքում Հայաստանի դեսպան:
Հետևաբար, երեկ տեղի ունեցածը չի կարող համարվել ՔՊ-ի դեմարշ, ավելի շուտ՝ կառավարող կուսակցությունը պատրաստվում է գրոհել Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ու այս հարցում նրա դաշնակիցը կլինի հենց Բալասանյանի թիմը:

Վահրամ Բագրատյան