Չվերթներ են չեղարկվել, բայց Թեհրան–Երևան և Երևան–Թեհրան չվերթ այսօր կա

Երեկ Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ինչպես հիշում ենք, դեռ օգոստոսից Իրանը զգուշացնում էր, որ կպատասխանի Իսրայելին և ահա երեկ երեկոյան Իրանի պատասխանը տեղ հասավ: «Իրանը ռազմատենչ պետություն չէ, բայց հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,- նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մերձավոր Արևելքում լարված իրավիճակով պայմանավորված Իրանը չեղարկել է բոլոր ավիաչվերթերը մինչև հոկտեմբերի 3-ի առավոտ:
Չեղարկվել են ոչ միայն Իրանից բոլոր ավիաչվերթերը, այլև, ինչպես քիչ առաջ MediaHub-ը նշել էր, Կատարից՝ Դոհայի օդանավակայանից չվերթները ևս, և դարձյալ Իրան-Իսրայել հակամարտության սրման պատճառով։
MediaHub-ը տեղեկացավ, որ բազմաթիվ չվերթներ չեղարկվել են նաև Երևանից, ինչի մասին վկայում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում թարմացվող տեղեկատվությունը:
Ինչպես արդեն նշեցինք, չեղարկվել է Դոհա-Երևան գիշերվա չվերթը, սակայն երևում է, որ այսօր գիշեր ժամանում Դոհայից կա։ Թեհրանից և դեպի Թեհրան չեղարկվել են գրեթե բոլոր ավիանընկերությունների չվերթները, բացառությամբ «Armenia airways»-ի։
MediaHub-ին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնեցին, որ «Armenia airways»-ի չվերթները Թեհրան–Երևան և Երևան–Թեհրան ուղղություններով տեղի են ունենալու։
Թե ինչպե՞ս է պատրաստվում «Armenia airways»-ը իրականացնել չվերթը, եթե պաշտոնապես նշվել է, որ Իրանում բոլոր ավիաչվերթերը չեղարկվել են մինչև հոկտեմբերի 3-ի առավոտ, պարզ չէ․․․
Ուշագրավ է, որ «Fly one» ընկերությունն այսօր առավոտյան չվերթ է ունեցել դեպի Թել Ավիվ, թեև գիշերը Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի ուղղությամբ։
Հիշեցնենք, երեկ համացանցում բուռն քննարկվում էր, թե ինչպես է Իսրայելը պատասխանելու Իրանին: Մասնավորապես, Իսրայելի ռազմաօդային ուժերը 48 F-16I «Sufa» և F-15I «Ra'am» կործանիչներ են օդ բարձրացրել՝ նախապատրաստվելով Իրանի առանցքային թիրախների վրա հրթիռային հարվածներ հասցնելուն։ Այս գործողությունը կարող է պատասխան լինել իսրայելական օբյեկտների վրա Թեհրանի վերջին հրթիռային հարձակումներին: Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածները կհասցնեն ռազմավարական թիրախներին, այդ թվում՝ ռազմական բազաներին և ենթակառուցվածքներին, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի միջուկային ծրագրի հետ։
Մարիաննա Արամյան