Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում

Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում

Ռուսաստանը հայկական կողմից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու հարցում, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։

«Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման, մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ առարկայական աշխատանքը վերսկսելու հարցում։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչի մասին Երևանում շատ լավ գիտեն»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը համարում են անարդյունավետ։

«Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձեւաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, եւ ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլեւ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է նա։