Պուտինն «ասեց, արեց»․ Արևմուտքը պարտվե՞ց, «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունն անցա՞վ ՌԴ–ին

Այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ալիևի հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել էր, որ կկապվի Փաշինյանի հետ․ «Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ նաև վարչապետ Փաշինյանի հետ և կխոսեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»։ Կրեմլը հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը՝ նաև հաշվի առնելով Բաքու պետական այցի ընթացքում Պուտինի և Ալիևի բանակցությունները:
Վերահաստատվել է ռուսական կողմի «պատրաստակամությունը հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման համար»։
Արդյո՞ք խաղաղության պայմանագրի քննարկումը կտեղափոխվի ռուսական դաշտ, և արդյո՞ք ՌԴ–ի աջակցությունը տրանսպորտային–լոգիստիկ կապերի ապաշրջակումը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։
«Ներկա քաղաքական պահը՝ հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին, կարելի է գնահատել, որպես հարթակների պատերազմ։ Արևմուտքը փորձում է համոզել Ալիևին տանել արևմտյան հարթակներ, Հայաստանին, կարծես թե, առանց համոզելու հաջողվել է և մեծ հաճույքով Հայաստանի իշխանությունները մասնակցում են բրյուսելյան և վաշինգտոնյան բոլոր հանդիպումներին և քննարկումներին, իսկ Ալիևը մե՛կ բոյկոտում է, մե՛կ գնում է հանդիպումներին։ Արևմուտքի նպատակն է տանել արևմտյան հարթակ՝ վաշինգտոնյան և բրյուսելյան, ՌԴ–ի նպատակն է հետ գնալ 2020-2022թթ․ իրողություն և տանել ռուսական հարթակ»,– ասաց Քեռյանը։
Ադրբեջանը պարտք ուներ, ինչպես փորձագետներն են բնութագրում, ՌԴ–ին Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ և՛ պատերազմում հաղթանակը, և՛ էթնիկ զտումը, ամեն դեպքում, տեղի չէին ունենա, եթե ռուսները կոշտ դիմադրեին կամ թույլ չտային։ Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն ինչ–որ մի տեղ պարտք ունի տալու ՌԴ–ին, և ըստ որոշ փորձագետների, Պուտինը գնացել էր «իր պարտքի ետևից»։
«Իմ կարծիքով՝ Պուտինի և Ալիևի միջև քննարկումների ժամանակ, բարձրացվել է Հայաստանի կողմից դեպի Նախիջևան միջանցք չտալու խնդիրը։ Հայ–ադրբեջանական կարգավորումը դեպի ռուսական հարթակ տանելուն Ալիևը դեմ չէ։ Պատահական չէ, որ Պուտինը ասեց, որ զանգահարելու է Փաշինյանին և պատմելու է, ինչ խոսել են, իսկ Լավրովը առանձին հայտարարել է, որ դժգոհ են, որ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում կապուղիների բացման գործընթացը։ Ըստ երևույթի, ՌԴ–ն ինչ–որ պահանջներ ունի Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ ՌԴ–ից, հավանաբար Ալիևը պահանջել է աջակցել կամ օգնել հարցը լուծելու համար։ Եթե Պուտինին հաջողվի Փաշինյանին և Ալիևին կտրել Վաշինգտոնից և Բրյուսելից, բանակցային գործընթացը տեղափոխել Մոսկվա, Արևմուտքի համար կլինի լուրջ պարտություն»,– նշեց Քեռյանը։
Միջանցքին, ըստ նրա, Արևմուտքը շատ ավելի կողմ է, քան ՌԴ–ն։ Իսկ պայքարը այստեղ գնում է ոչ թե միջանցքը բացելու կամ չբացելու հարցի շուրջ, այլ պայքարը գնում է միջանցքի վերահսկողության շուրջ։
«Ըստ նոյեմբերի համաձայնագրի՝ կապուղիների վերահսկողությունը դրվելու է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վրա։ Եթե բանակցային գործընթացը գնաց ռուսական հարթակ, և հաջողվեց այդ ճանապարհը բացել, վերահսկողությունը լինելու է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վրա, իսկ եթե տապալվեց, և բանակցային գործընթացը տեղափոխվեց արևմտյան հարթակներ, ապա, հավանաբար, ճանապարհի վերահսկողությունը կանցնի Արևմուտքին»,- հավելեց Քեռյանը։
Մարիաննա Արամյան