Ցավոք, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կթիրախավորվի նաև հայ հասարակության կողմից. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի պետական հեռուստաալիքն օրերս հրապարակեց Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի՝ մարտի 28-ին սպասվող հարցազրույցի անոնսը։
«Թե ի՞նչ հարցեր են բարձրաձայնվել և թե դրանց ինչպե՞ս են արձագանքել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, դեռ պարզ չէ, բայց ենթադրելի է»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քարոզչական մեքենայի կողմից հստակ նպատակներ են հետապնդվում։ Եթե այն դիտարկվի մարդու իրավունքների տեսանկյունից, ապա հստակ է, որ գործ ունենք մարդու կամքի նկատմամբ կիրառվող բռնության հետ.
«Ես գրեթե վստահ եմ, որ պատանդառված մարդկանցից և որևէ մեկն իր ցանկությամբ չի մասնակցել հարցազրույցներին և կարծիքներն ու թեզերը, որոնք հնարավոր է կհնչեն հարցազրույցների ժամանակ, որևէ ձևով չեն կարող համարվել նրանց ազատ կամարտահայտման շրջանակներում արտահայտած մտքեր։ Այսինքն, բոլորիս համար պարզ է, թե Ադրբեջանում հասարակ մարդիկ ինչ պայմաններում են պահվում և հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Կարող ենք նաև եզրահանգել, որ ֆիզիկական և հոգեբանական ճնշման, կոնկրետ կյանքին վտանգ սպառնացող պայմաններում են արվել այդ հարցազրույցները, հետևաբար դրանցում հնչած մտքերը չեն կարող արտահայտել իրականությունը»,-ասաց նա։
Ստեփանյանի կարծիքով՝ Ադրբեջանն իր ձեռքի տակ եղած գործիքը փորձում է օգտագործել իր քարոզչական նպատակներով, առանց հարգելու մարդկանց կամարտահայտությունը, արժանապատվությունը։ Սա ևս խստորեն պետք է դատապարտվի և իրականում նման վերաբերմունքից խուսափելու միակ էֆեկտիվ ճանապարհը Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու գերեվարված անձանց անհապաղ վերադարձն է։
«Չկա այլ երաշքիք, անգամ միջազգային երաշխիք, որով կարող ենք այսօր ասել, որ նրանց իրավունքներն այսօր ապահովված կամ երաշխավորված են ադրբեջանական բանտերում։ Ընդհուպ նաև այն հանգամանքը, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն էլ մուտք չունեն և չեն կարող հստակ դիտարկել նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակը, հենց նաև դրա մասին է խոսում»։
Արցախի ՄԻ պաշտպանը ցավով նշեց, որ այդ հարցազրույցներից հետո տվյալ անձինք նաև որոշակի թիրախավորվելու են հայ հասարակության կողմից, ինչը ևս խիստ դատապարտելի է, որովհետև յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ անձինք, ովքեր հարցազրույցների ժամանակ կարծիքներ կամ թեզեր կհրապարակեն, նրանք չեն արտահայտում իրենց իրական կամքը.
“Քանի որ նրանք գերեվարված-պատանդառված են նրա համար, որ տարբեր ժամանակահատվածում ղեկավարել են Արցախը և Արցախի տարբեր կառույցներ”,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան