«Բաբելոն». ոչ ավանդական թատրոն՝ Երևանի սրտում գտնվող նախկին «պաժառնու» շենքում

Երևանի Սախարովի անվան հրապարակի նախկին հրշեջների շենքն այլևս թատրոն է:
«Բաբելոնը» ոչ սովորական, ստանդարտներից դուրս թատրոն է, որտեղ հանդիսատեսը այնպիսի միջավայրում է հայտնվում, որ անմիջական գործողությունների մասնակից է դառնում արտիստների հետ, անգամ միասին գինի կարող են խմել։ Այդպես եղավ վերջին՝ «Կալիգուլա» ներկայացման ժամանակ։
«Պիեսը հանդիսատեսին ներկայացնելու համար համարձակություն էր պետք, անգամ փորձառու դերասանների համար ռիսկային էր, բայց մենք արեցինք դա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Բաբելոն» թատրոնի հիմնադիր Հարություն Հովհաննիսյանը։
Մի խումբ ընկերների հետ Հարությունը որոշել է ստեղծել մի հարթակ, որտեղ կարող է ներկայանալ իր խաղացանկով։ Նախնական վայրն ընտրել են Գյումրին, սակայն, ամեն ինչ միանգամից փոխվեց՝ «հրշեջների շենքը» տեսնելուց հետո։
«Տարիներ շարունակ այս շենքը չէր օգտագործվել։ Երբ մտանք ներս, բուրգերով աղբ էր կուտակված։ Ընկերներս միացան ինձ ու սկսեցինք մաքրել տարածքը։ Ներսում մոնտաժման աշխատանքներ իրականացրեցինք, ջրամատակարարման ու կահավորման հարցը լուծեցինք, սկսեցինք աշխատել։ «Բաբելոնը» մեզ համար դարձավ մեր երկրորդ տունը։ Այստեղ ոչ միայն թատերական ներկայացումներ ենք խաղում, այլև կազմակերպում ենք համերգներ, հետաքրքիր հանդիպումներ»,- ասաց Հարություն Հովհաննիսյանը։
Որ թատրոնը եկամտաբեր չէ, հիմնադիրը հրաշալի հասկանալով է գնացել այդ քայլին.
«Իմ ներսում կուտակված էներգիա կար, որ պետք է իրացնեի, միայն դրա համար արժեր ստեղծել «Բաբելոնը»»։
Հարությունի խոսքով՝ հանդիսատեսը դեռ լիովին պատրաստ չէ ոչ ավանդական թատրոնին, սակայն, արդեն իսկ ներկայացված թատերական բեմադրություններից հասկացել է, որ այս ձևաչափը ևս պահանջված է։ «Կալիգուլա» ներկայացմանը, որը թարգմանվել է հայերենով, մասնակցել են նաև օտարերկրացիներ։ Դերասանները սենյակից սենյակ տանում են հանդիսատեսին այնտեղ, որտեղ զարգանում են իրադարձությունները։ «Բաբելոն» թատրոնում առանձին բեմահարթակ չկա, կա անմիջական կապ՝ դերասանների ու հանդիսատեսի միջև։
«Այս ձևաչափը և՛ դերասաններին է աճելու տեղ տալիս, և՛ հանդիսատեսին։ Արձագանքները, համենայնդեպս, վատը չեն»,- ասաց նա։
Հոկտեմբերի 16-ին Հարությունն ու իր դերասանական թիմը պատրաստվում են ներկայացնել ռուս ժամանակակից դրամատուրգի «Պատրանքներ» ներկայացումը։
«Տեքստը թարգմանել է Նունե Վարդանյանը, իսկ Զարա Անտոնյանը բեմադրել է ներկայացումը։ «Պատրանքները» ևս իր կոնցեպտով յուրահատուկ է նրանով, որ իրադարձությունները տեղի են ունենում սեղանի շուրջ՝ ինտիմ, մտերմիկ, թեյախմության միջավայրում։ Դերասանական խաղը բացակայում է այս ներկայացման մեջ, ոչ ոք չի խաղում, բայց դերասանն այնպես պրոֆեսիոնալ պետք է մատուցի տեքստերը, որ հանդիսատեսը զգա դրա ժամանակագրությունը։ Ներկայացումը նախատեսված է 30 հոգու և 4 դերասանի համար, նրանք բոլորը նստած կլինեն մեկ սեղանի շուրջ»,- հավելեց Հարություն Հովհաննիսյանը։
Հարությունն ու ընկերները, որ նոր շունչ են տվել Երևանի սրտում գտնվող, վաղուց չգործող «պաժառնու» շենքին, վստահ են, որ ոչ ավանդական, ժամանակակից «Բաբելոն» թատրոնը հանդիսատեսի պակաս չի ունենա։ Հատկապես, երբ դրանով հետաքրքրվողներն օրեցօր շատանում են։
Հունան Թադևոսյան