Քաղաքական բռնաճնշումների նորանոր ռեկորդներ են սահմանվում. «Փաստ»

Քաղաքական բռնաճնշումների նորանոր ռեկորդներ են սահմանվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում իշխանությանը հարող շրջանակները արտոնյալ վիճակում են: Այդպես եղել է նախկինում, իսկ վերջին չորս տարում այս «ավանդույթը» դարձել է համատարած: Իշխանավորների ու իշխանամերձների օրինազանցությունների վրա իրավապահներն աչք են փակում, իսկ ընդդիմախոսները, եթե նույնիսկ որևէ օրինազանցություն չեն կատարել, միևնույնն է, դառնում են քաղաքական հետապնդումների թիրախ։

Այսպիսի իրողությունն ամենից առաջ խոսում է ընտրովի արդարադատության մասին, որի արդյունքում իրավապահ համակարգն իշխանությունների ձեռքում դարձել է բռնաճնշումների գործիք։ Թերևս պետք չէր այլ բան սպասել մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարի հրահանգով դատարանները շրջափակվում ու ճնշումների են ենթարկվում, իսկ օրենքը դարձել է մահակ ընդդիմության գլխավերևում։ Եթե հանկարծ դատավորները կամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները օրենքին համապատասխան ինքնուրույն որոշումներ ընդունեն, ապա իրենք նույնպես իսկույնևեթ կհայտնվեն հետապնդումների թիրախում։ Այդպիսի օրինակներ շատ ենք տեսել։

Ըստ այդմ, իշխանությունների գործելակերպի մեջ է մտնում ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելու պրակտիկան։ Եվ որքան մեծ վտանգ է ներկայացնում ընդդիմադիր գործիչը Փաշինյանի իշխանության համար, այնքան իշխող վարչակարգի սպասարկուներն առավել մեծ եռանդով են ձեռնամուխ լինում նրան քրեական հետապնդման ենթարկելու հարցում։ Իշխանությունները չափազանց կոշտ միջոցներով են առաջնորդվում հատկապես այն ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր հակաիշխանական ակցիաներին մասնակցելու հետ մեկտեղ նաև հայանպաստ քաղաքականություն են վարում, մասնավորաբար Արցախի հետ կապված հարցեր են բարձրացնում։ Օրինակ՝ հենց այսպիսի տրամաբանության մեջ է տեղավորվում Ավետիք Չալաբյանի կալանավորումը։

Ճիշտ է՝ կարված գործերը, որպես կանոն, իրավական հիմնավորումից զուրկ են լինում և այնքան փնթի են սարքվում, որ քննության ավարտին ուղղակի փլուզվում են, սակայն խնդիրն այն է, որ մինչ այդ իշխանությունները հասնում են իրենց նպատակին՝ տևական ժամանակ անազատության մեջ պահելով ընդդիմադիրներին։ Բացի այդ, Հայաստանում քաղաքական բռնաճնշումները հասել են այնպիսի աստիճանի, երբ դատաքննության ընթացքում անգամ հաշվի չի առնվում անազատության մեջ գտնվող անձի ծայրահեղ ծանր վիճակը, առողջական խնդիրները և դրանց անհամատեղելիությունը կալանավորման պայմաններին։ Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական գործերով բոլոր կալանավորները, իշխանությունների ցուցումով գտնվելով կալանքի տակ, առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել՝ մինչև անգամ մահվան հանգեցնող հիվանդություններ։ Օրինակ՝ ազատության մեկ շաբաթից հետո կրկին որոշում կայացվեց կալանավորել նույն Չալաբյանին այն դեպքում, երբ նա առողջական խնդիրներ ունի և ֆիզիկապես ի վիճակի չէ կրել ազատազրկումը։

Իսկ ամենացայտուն օրինակը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցածն էր, նա մահացավ դատական նիստում։ Ստացվում է, որ քաղաքական հետապնդումների արդյունքում ընդդիմադիրները նաև խոշտանգվում են։ Վերջերս տվյալներ հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության 4 տարում Հայաստանում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել։ Այդ թվում՝ 2018 թվականին՝ 18, 2019 թվականին՝ 21, 2020-ին՝ 5, 2021-ին՝ 13, այս տարվա օգոստոսի դրությամբ մահացել է 11 անձ, որոնցից 4-ը՝ դատապարտյալ, 7-ը՝ կալանավորված անձինք։

Եթե 2019 թվականին Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին, ապա այսպիսի արատավոր երևույթների՝ մասնավորապես քաղաքական հետապնդումների ու դրա արդյունքում մարդու իրավունքների ոտնահարման հարցում նրա իշխանությունը ոչ թե վերադարձել է ինչ-որ բանի, այլ պարզապես գերազանցել է բոլոր ռեկորդները։ Ու շարունակում է գերազանցել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում