Ղարաբաղի նուռը՝ «մաշեննիկների» մարքեթինգ. գրել են, որ ապրանքը վաճառվի

Ղարաբաղի նուռը՝ «մաշեննիկների» մարքեթինգ. գրել են, որ ապրանքը վաճառվի

«Մենք 9 ամիս պայքարեցինք,  նախընտրեցինք մնալ կիսասոված, բայց չթողեցինք, որ Աղդամից Ստեփանակերտ օգնություն բերեն։ Ինձ թվում է, հենց այդտեղ են ադրբեջանցիները հասկացել, որ գործ ունեն ուժեղ կամք ունեցող ժողովրդի հետ. ընդունել քեզ վանդակած թշնամու հումանիտար օգնությունը  նշանակում է ուծացվել նրանց հետ»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց ասկերանցի Նանար Հարությունյանը, մտահոգություն հայտնելով, որ առևտրականներն առանց ամաչելու օկուպացված Արցախից՝ Վրաստանով նուռ են հասցնում երևանյան շուկա։

«Պետք է բացառվի նման երևույթը։ Չեք պատկերացնում, թե որքան կուզեի Արցախի հողից թեկուզ մի նուռ կամ խնձոր ուտեի։ Ինձանից հայրենակարոտ չլինեք, ուղղակի մի՛ վերցրեք, Հայաստանի մարզերի նուռը հասցրեք շուկա, մենք էլ դա կգնենք»,-ասաց նա։

Ստեփանակերտցի Արմինե Հայրապետյանը զարմանում է, որ կան մարդիկ, որ հավատում են, թե ինչ որ մեկը Վրաստանով գնացել է Արցախից նուռ բերել։ 

«Դա «մաշեննիկության» մարքեթինգ է, ուրիշ ոչինչ։ Ախր, նկարից էլ երևում է, որ դա Արցախի նուռ չէ։ Նույնը նաև 2020 թվականից հետո էր։ Երբ Ակնան (Աղդամ) արդեն հանձնվել էր թշնամուն, իսկ Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայում արկղերի վրա մեծ տառերով գրված էր «Աղդամի նուռ»։ Հասկանո՞ւմ եք, դա  չարչիության մարքեթինգ է, որ ապրանքը վաճառվի։ Այդ առևտրականների ուղեղին հասու չէ հայրենիք ու արժանապատվություն արժեքները»,-հավելեց նա։

Նշենք, որ օրերս համացանցում հայ օգտատերերի քննարկման հիմնական թեման Երևանի փողոցում վաճառվող «Ղարաբաղի նուռ»-ն էր։ Մի մասը չի հավատում, որ դա օկուպացված Ղարաբաղից է, մյուսներն էլ հավատում են, որ Վրաստանով Արցախից նուռ են բերում մեր երկիր և վերավաճառում։

Հունան Թադևոսյան