Աստղակերպի ընկնելու արդյունքում ձեւավորվել է Երկրի ամենատաք ժայռաբեկորը

Արեւմտյան Օնտարիոյի (Կանադա) համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ 2011թ. Լաբրադորում հայտնաբերված ժայռաբեկորը ձեւավորվել է Երկրի մակերեսին երբեւէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանի պայմաններում՝ 2370 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Դա տեղի է ունեցել 36 մլն տարի առաջ աստղակերպի ընկնելու արդյունքում: Այս մասին հաղորդվում է Earth and Planetary Science Letters ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները Միստաստին հարվածային խառնարանում (16 կմ տրամագծով) ապակյա ժայռաբեկոր են հայտնաբերել, որի ներսում ցիրկոնի հատիկներ են ձուլված եղել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պետք է ձեւավորված լիներ ավելի քան 2000 աստիճան ջերմության պայմաններում՝ ըստ Ցելսիուսի: Նոր գիտական աշխատանքում մասնագետներին հաջողվել է ցիրկոնի 4 հավելյալ հատիկ հայտնաբերել, որոնք հաստատել են նախորդ արդյունքը:
Այդ վայրում առաջին անգամ նաեւ մեկ այլ հանքաքար է հայտնաբերվել, որը ձեւավորվել է ցիրկոնի վրա բարձր ճնշման եւ ջերմաստիճանի ազդեցությամբ: