Ահազանգ․ «բեսպրեդել» ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ տնօրենի թուրն ինչ ուզում, հատում է

«Ֆանարջյանի» անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որոշ աշխատակիցների, իրենց ահազանգի համաձայն, ապօրինաբար ազատում են աշխատանքից։ Պատճառն, ըստ MediaHub.am-ի զրուցակից, բուժաշխատող Արևհատ Հարությունյանի, այն է, որ տնօրեն Նարեկ Մանուկյանը որոշել է կենտրոնն իր կարդրերով համալրել։

Արևհատ Հարությունյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը դիմակ չկրելն է եղել, մյուսն, իր պնդմամբ, կադրերի բաժնի վարիչի բարեկամի բողոքի հիմքով ստացված կարգապահական տույժը։ 

«Ես դիմել եմ դատարան, ունեմ վճիռ, որի համաձայն՝ ինձ պետք է վերականգնեն աշխատանքի։ Բայց ուռուցքաբանության ազգային կենտրոնում Նարեկ Մանուկյանի օրենքներն են գործում, և ինձ չեն վերականգնում»,- ասաց Արևհատ Հարությունյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դատարանի վճռից, աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագրից հետո իրեն վերականգնել են աշխատանքի, և 2022-ի հուլիսի չորսից ինքը պետք է աշխատանքի ներկայանար, սակայն որևէ կերպ իրեն այդ մասին չեն ծանուցել, իսկ օգոստոսի 22-ին իրեն տեղեկացրել են, որ աշխատանքի չներկայանալու համար ազատված է աշխատանքից։ Արևհատ Հարությունյանը այս փաստի առթիվ կրկնակի բողոք է ներկայացրել դատարան։ Նա պնդում է, որ իրեն ոչ մի կերպ չեն ծանուցել, որ ինքը վերականգնվել է աշխատանքի։ 

«Այս ամենի պատասխանատուներից մեկն էլ առողջապահության նախարարությունն է, որ հանդուրժում ու թույլ է տալիս Նարեկ Մանուկյանի ապօրինությունները»,- նշեց նա։ 

Արևհատ Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատված այլ աշխատակիցներ էլ կան, որոնք դատը շահել են, սակայն չեն վերականգնվում աշխատանքի, քանի որ Նարեկ Մանուկյանն, իրեն հասած լուրերով, հայտարարել է, թե ինքը թույլ չի տալու, որ աշխատանքից ազատված աշխաողներից որևէ մեկը վերադառնա հիվանդանոց։ 

Հավելենք, որ դատարանի վճռով Արևհատ Հարությունյանը մեկ տարվա հարկադրված պարապուրդի համար փոխհատուցում ստացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։