Թմրամիջոցների շրջանառությունը խժռում է երիտասարդությանը. մեկ տարվա կտրվածքով շուրջ քառակի աճ ունենք

Թմրամիջոցների շրջանառությունը խժռում է երիտասարդությանը. մեկ տարվա կտրվածքով շուրջ քառակի աճ ունենք

Մեր օրերի դառը իրականություն՝ երիտասարդությունը որոշ հավելվածներ, մասնավորապես՝ «Տելեգրամ»-ը օգտագործում է ոչ միայն որպես մեսենջեր, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով կամ ծանոթանալ լուրերին,  այլև գնել և վաճառել թմրամիջոցներ։ Եվ, ցավոք, այս արատավոր ու հանցավոր գործընթացը կանխարգելելը դժվար է, քանի որ «Տելեգրամ» հավելվածում շատ անգամ չի երևում, թե ով է տվյալ ալիքի հիմնադիրը։

MediaHub-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ: Նախ, հետաքրքրվել էինք, թե 2022 և 2023 թվականին ի՞նչ թիվ են կազմել անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների շրջանառության դեպքերը: Այս հարցին ՆԳՆ–ից պատասխանել են.

«2023թ. ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն, նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով քրեական պատասխանատվության է ենթարկվել 10 անչափահաս անձ, 2022թ.՝ 6, իսկ վարչական պառասխանատվության՝ 4 անչափահաս անձ»։

Քանի որ երիտասարդները, հիմնականում, ներքաշվում են այս գործընթաց այլ անձանց կամ խմբավորումների կողմից, ապա և համապատասխան հարց էինք ուղղել: Սակայն ՆԳՆ-ից պատասխանել են, որ 2023 թ․ ընթացքում անչափահասներին թմրամիջոցների անօրինական շրջանառության մեջ ներքաշելու դեպքեր չեն արձանագրվել:

Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը, արդյո՞ք «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճ կա՞: ՆԳՆ–ից մեզ պատասխանեցին․

«2023թ. ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցներ ապօրինի շրջանառության 489 դեպք, որոնցից 128-ը՝ համացանցի միջոցով թմրամիջոցներ իրացնելու կամ դրանք իրացման համար տարբեր վայրերում տեղադրելու, իսկ 361-ը՝ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքեր են։ 2022թ.՝ 134 դեպք, որոնցից 37-ը՝ իրացման, 97-ը՝ ձեռքբերման դեպքեր են»:

Այլ կերպ ասած, նախորդ՝ 2022-ի համեմատ 2023 թվականին բոլոր դեպքերով ունենք գրեթե եռակի աճ:

ՆԳՆ–ին հարց էինք ուղղել նաև, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում անչափահասներին թմրամիջոցներից ու դրա ապօրինի շրջանառությունից զերծ պահելու ուղղությամբ, որին ի պատասխան նախարարությունից հայտնել են, թե անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելման, թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարելու, արատավոր երևույթի և դրա վնասների մասին դեռահասների իրազեկվածության բարձրացման նպատակով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ, տարածքային ստորաբաժանումների ԱԳ և ԸԲԿ բաժանմունքների ծառայողների կողմից, ոստիկանության ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում աշակետների, ուսուցիչների, ինչպես նաև վերջիններիս ծնողների շրջանում պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են հանդիպում-զրույցներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության վնասակարազդեցություններին և հետևանքներին:

ՆԳՆ–ից նշեցին նաև, որ նշված ժամանակահատվածում անցկացվել է արդեն ավանդույթ դարձած “Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումը, որի մասնակիցները, աշակերտներին ներկայացված տարբեր թեմաների շրջանակներում, անդրադարձ են կատարել նաև թմրամիջոցների օգտագործման հետևանքներին, դրանց իրացման կամ պահելու դեպքերում սահմանված վարչական և քրեական պատասխանատվություններին:

2008-2009 ուստարվանից սկսած՝ հանրապետության դպրոցների 8-9-րդ դասարաններում, իսկ 2010-2011 ուստարվանից սկսած՝ նաև 10-11-րդ դասարաններում դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որում  ընդգրկված  են նաև անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերիգործածման, թմրամոլության և դրա հասցրած վնասների,  թմրամոլության կանխարգելման վերաբերյալ դասաժամեր:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Առողջ ապրելակերպի» դասավանդման ընթացքում, իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ՝թմրամոլության կանխարգելման նպատակով: Մասնավորապես, սովորողների մասնակցությամբ կազմակերպվել են բաց դասեր, քննարկումներ թմրամիջոցների, հոգեմետ դեղերի օգտագործման կործանարար հետևանքների մասին: Անցկացվել են բանավեճեր, ցուցադրվել են թեմատիկ ֆիլմեր և տեսահոլովակներ, որոնց միջոցով տեսանելի են դառնում թմրամիջոցների օգտագործման հետևանքները: Ուսանողների կողմից գրվել են ռեֆերատներ «Թմրամոլություն» թեմայով:

Միաժամանակ, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ,  ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անցկացվել են թմրամոլության վնասակար հետևանքների և դրանց ապօրինի շրջանառության համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ իրազեկվածությանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ, դասղեկական ժամեր, դասընթացներ, բաց դասեր, քննարկումներ, կլոր սեղաններ, զրույց-բանավեճեր, տեսաֆիլմերի ցուցադրումներ, հարցումներ, սեմինարներ, որոնց մասնակցություն են ցուցաբերել ուսումնական հաստատությունների սաները, մանկավարժները, ծնողական խորհուրդները և ծնողական հանրույթի ներկայացուցիչները:

Մարիաննա Արամյան