Ի՞նչ է հաջորդելու Բորելի հայտարարությանը

Ի՞նչ է հաջորդելու Բորելի հայտարարությանը

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով, Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», - նշել է նա։

Այդ հավաքի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները։
Իրականում նման հայտարարությունները գործնականում որևէ արժեք չունեն, եթե չեն ուղեկցվում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներով, հարկադրանքի այլ մեխանիզմներով: 
Նման պնդում անելու լեգիտիմ իրավունք ունենք, մանավանդ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո, որին դարձյալ նախորդել էին Բաքվի հասցեին Արևմուտքից հնչող խիստ զգուշացումները:

Նույնիսկ սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց, ինչն ավելի լեգիտիմ է դարձնում այն պնդումը, թե Բորելի հայտարարությունը գործնականում որևէ բանով չի զսպելու Բաքվին ու գետնի վրա ավելի պակաս նշանակություն ունի, քան, օրինակ, այն լուրը, որ 2023թ-ի արդյունքներով Ադրբեջանը հայտնվել է ԵՄ նավթի արտահանողների առաջին տասնյակում:

Վահրամ Բագրատյան