Խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են Բաքվի ագրեսիվ հռետորաբանությանը․ ԱԳՆ

Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունները քննարկել են հանդիպման օրակարգային՝ հատկապես կազմակերպության շրջանակներում հումանիտար ու մշակութային բնագավառներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2024 թվականին Գյումրի քաղաքը «Համագործակցության սպորտային մայրաքաղաք» և 2026 թվականին Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ որոշումները:
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում հայկական կողմից ընդգծվել է, որ իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, որոնց հերթական դրսևորումներից էր ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող ապօրինի արգելափակման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարատադության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են Բաքվի ագրեսիվ հռետորաբանությանը
Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։