Նիկոլի շոուն և Նազելիի զարմանքը

Մի քանի օր առաջ, Գյումրիում ոստիկանները բերման էին ենթարկել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը, որը նաև Գյումրիի ավագանիում ՔՊ խմբակցության անդամ է:
Ասում են՝ բերման ենթարկելու պատճառը եղել է ապօրինի զենք կրելը ու դարձյալ պնդումներ կան, որ ոստիկանության կասկածները հիմնազուրկ են եղել:
Մեր ոստիկանության նման անօրինական գործելաոճը նորություն չէ ու այս միջադեպին չէինք անդրադառնա, եթե չլիներ Նազելի Բաղդասարյանի անձը, ավելի ստույգ՝ նրա նախօրեի «սրտաճմլիկ» գրառումը:
Շիրակի մարզպետն էլ մարդ է ու զայրացած է, որ ոստիկանները փորձել են հանցագործություն «գցել» եղբոր «գրպանը», մանավանդ, որ վերջինս, գոնե այս դրվագում, անմեղ է:
Մեզ այլ բան է զարմացնում, երբ Բաղդասարյանը զայրացած գրում է, թե «իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով»։
Շիրակի մարզպետն ումի՞ց է բողոքում, նո՞ր է իմացել, որ իր սիրելի իշխանությունն ու շոուն հոմանիշներ են, ինչո՞ւ նման հուզիչ գրառում չէր անում, երբ ոստիկանական «բեսպրեդելի» զոհեր էին դառնում ընդդիմադիր գործիչները, պարզապես՝ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ:
Իհարկե, այս պատմության մեջ Նազելի Բաղդասարյանին այլ բան է մտահոգում:
Նա հասկանում է, որ «շոուի» իրական թիրախը ոչ թե եղբայրն է, այլ՝ ինքը ու հիմա տառապում է՝ հասկանալու համար, թե երբ կամ ի՞նչ հանգամանքներում է «տրորել» Փաշինյանի ոտքը, որ արժանացել է նման վերաբերմունքի:
Իշխանության ներսում գզվռտոցը, կլանային պայքարը հասել են գագաթնակետին, ու Փաշինյանը կամ «թեժացնում» է «կրակը», կամ էլ՝ այլևս չի վերահսկում իրավիճակը:
Սրանով է պայմանավորված իշխանության ներկայացուցիչների ջղային վարքագիծը:
Վահրամ Բագրատյան