Որքանո՞վ են ՀՀ֊ում կնոջ իրավունքերը պաշտպանված

Հայաստանում կանայք օրենքի համաձայն, ունեն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ։ Վերջին տարիներին շատ է հայտարարվում, որ ջանքեր են գործադրվում հասարակության մեջ կանանց դիրքի բարելավման համար, և՛ քաղաքական, և՛ տնտեսական կյանքում նրանց մասնակցությունը մեծացնելու ուղղությամբ։ Սակայն որքանո՞վ է կանանց դերը գնահատված: Օրինակները մեր աչքի առաջ են կառավարությունում ու որոշում կայացնող օղակներում կանանց փոքր ներկայացվածությունից մինչ այն, որ Հայաստանում կարող ենք մատների վրա հաշվել ականավոր կանանց նվիրված հուշարձանների թիվը, որը ևս խոսում է գենդերային անհավասարության մասին։ Իսկ ինչո՞ւ, չե՞նք ունեցել արժանի կանանց։
Այսօր նշում ենք կանանց տոնը. արդյո՞ք ՀՀ֊ում կանանց իրավունքները պաշտպանված են, ի՞նչ են կարծում հենց կանայք։
Այս հարցով դիմեցինք թե՜ կին պատգամավորներին, թե՜ կին քաղաքական գործիչներին ու այլ մասնագիտությունների տեր կանանց։ Մեծամասնության պատասխանը նույնն էր հայ կանանց իրավունքները չեն պաշտպանվում, նաև ոտնահարվում են։
Օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ՀՀ֊ում ընդհանրապես մարդու իրավունքը պաշտպանված չէ։
«Մարտի 8-ը և ապրիլի 7-ը հատուկ կանանց տոն սարքելու և սոցիալական ցանցերում գիշերվանից ուղարկվող «բմբուլներով» շնորհավորանքներով կանանց տեռոր անելուն ես դեմ եմ։ Կնոջը սիրելն ու գնահատելը պետք չէ անպայման կապել Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսեմբուրգի անիմաստ ակցիաների հետ»,- ասաց Զոհրաբյանը։
Երևանի բնակչուհի Միլենան ասում է, որ, ավելի լավ է, սկզբից ՀՀ իշխանությունները ուշադրություն դարձնեն, թե ի՞նչն է խանգարում ՀՀ-ում ժողովրդին լավ ապրելու համար, նոր ամպագոռգոռ հայտարարություններ անեն, որ ժողովուրդն իրենց կողքին է։ Չէ՞ որ, այս օրը ոչ միայն սովորական հայ կնոջ օրն է, այլ նաև հերոս դարձած տղամարդկանց մայրերի օրն է և, նրա խոսքով, թող «մի փոքր ՀՀ իշխանությունը մտածի, թե ի՞նչ քայլեր անի, որ ոչ մի մայր չիմանա այլևս, թե ինչ է նշանակում պատերազմ և անքուն գիշերներ»։
Լոռու մարզի բնակիչ Նարինեն էլ նշում է, որ ՀՀ-ում իր իրավունքները ոչ մեկ չի ոտնահարել և հակառակը շատ գոհ է, որ ծնվել է ՀՀ֊ում և ունի առավելություններ, իսկ գենդերային հավասարությունն իրեն պետք չէ, հակառակը իրեն պետք է վերաբերվեն իսկական հայ կնոջ պես։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է, որ ՀՀ֊ում ընդհանրապես մարդու իրավունքները որևէ կերպ պաշտպանված չեն։ «Իշխանական խմբակը ցանկացած գործընթաց իրականացնում է, որ հանրության շրջանում մարդիկ լինեն թիրախավորված, և իրենց համար տարբերություն չկա դու կին ես, թե տղամարդ։ Այն, ինչ արվում է, ուղղակի ձևական, Եվրոպայից բերված կեղծ ժողովրդավարական արժեքներ են, որ իբրև կինը հավասար է տղամարդու հետ, սակայն շատ հայ կանանց համար անընդունելի է և որևէ կերպ մեր իրականության մեջ չտեղավորվող։ Ես, որպես կին, ավելի մեծարված ու պաշտպանված եմ զգացել ինձ մինչև 2018թ․»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ կանանց պետք չեն ֆեյք սարքած օրերը, երբ փորձում են իբր կանանց հանդեպ ուշադիր լինել։ Նա կարծում է, որ կանանց հանդեպ պետք է ուշադիր լինել միշտ, կնոջը պետք է սիրել միշտ։
«Հայաստանը իր մենթալիտետի առումով պատկանում է այն երկրների շարքին, որտեղ կանանց իրավունքներն իրապես անտեսված են։ Նույնիսկ վիճակագրություն չի տարվում, թե կանանց հանդեպ բռնությունը, որը պարտադիր չի, որ ծեծի տեսքով արտահայտվի, ինչ մասշտաբների է։ Բայց բռնություն կա տնտեսական, հոգեբանական, որոնք կատաստրոֆիկ թվերի են հասնում։ ՀՀ կանանց իրավունքները ոտնահարված են, բայց պետք է ընդունենք ամենամեծ պրոբլեմը, որ Հայաստանուն կանայք միմյանց հանդեպ անհանդուրժող են»,- ասաց Զոհրաբյանը։
Մեզ մնում է այս տոնական օրով ցանկանալ, որ ՀՀ֊ում իրավիճակն այնպես փոխվի, որ անգամ չքննարկվի կնոջ իրավունների ոտնահարման հարցը, որպեսզի հայ կինը լինի միշտ պաշտպանված ու հատկապես չիմանա պատերազմի գինը։
Շնորհավո՛ր, սիրելի կանայք։
Մարիաննա Արամյան