Իշխանության պնդումները սուտ են, չկա միջազգային պահանջ՝ Արցախի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ․ Սաղաթելյան

Միջազգային կառույցներում ՀՀ և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների պնդումը, թե կա միջազգային պահանջ՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասով, սուտ է, նման պահանջ գոյություն չունի։
«Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ։ Եվ երբ մենք բացատրում էինք, որ դեմ չենք խաղաղությանը, բայց այն չի կարող լինել մեր հայրենազրկման գնով, և պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում կայունություն բերել, իրենց համար հասկանալի էր»,- ասաց Սաղաթելյանը։
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի ընդդիմությունը պայքարում է մի քանի ճակատով։
«Այս պահին թուրք-ադրբեջանական ուժերը, միջազգային տարբեր ճակատներում, հայաստանյան ընդդիմությանը փորձում են ներկայացնել որպես ռևանշիստ, փորձում են ցույց տալ, թե մեր ընդդիմությունը տարածաշրջանը ապակայունացնում է, պատերազմ է հրահրում»,- նկատեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական պատվիրակությունները հնչեցնում են այն նույն թեզերը, որոնք հնչեցնում են հայաստանյան իշխանությունները։
«Հետևաբար, մեր պնդումները, թե ՀՀ իշխանությունը չի ներկայացնում մեր շահերը, շատ ակնհայտ է, ու մենք դա տեսանք, համոզվեցինք»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։