Ասկերանի իր տնից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն․ նոր մանրամասներ

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ, Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նրա հետ ձերբակալել են նաեւ որդուն եւ քեռորդուն: Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Թե ի՞նչ հիմնավորումներով են ձերբակալել՝ կներկայացնենք առաջիկայում: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Սոցցանցերում եվս այդ մասին տեղեկություններ կան: «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Արցախի Ազգային անվտանգությունը մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նա եւ որդին բերման են ենթարկվել»։ Իսկ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մասնավորապես գրում է. «Այ Շուշի հանձնող սրիկա, հըլը գնա հայելիով մի հատ քեզ ուշադիր նայիր ու տես էդքա՞ն կաս, որ Արցախի Հանրապետության ազգային հերոս Գեներալ ես ձերբակալում կիրթ ու կառուցողական պատվիրատուիդ հրամանով, հըլը սթափվի’ր…Այսինքն էս քայլովդ արդեն բացահայտ ասում ես, որ Արցախը ու արցախցիներին ծախել ես ու ով որ փորձի դեմդ կանգնել տանելու ես կալանքի… » :
Թերթի տեղեկություններով, 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։ Ձերբակալելուց հետո նրան տարել են ԱԱԾ, իսկ այժմ դատախազությունում է։