«Կիրագործվի թուրքի երազանքը՝ Հայաստան առանց հայ ժողովրդի»․ հարցում

«Կիրագործվի թուրքի երազանքը՝ Հայաստան առանց հայ ժողովրդի»․ հարցում

Տևական ժամանակ է, ինչ ընդդիմությունը հայտարարություններով է հանդես գալիս, որ թույլ չի տա Տավուշի գյուղերի հանձնումն Ադրբեջանին։ Փաշինյանը, ի պատասխան տարբեր հայտարարությունների, ԱԺ–ում ասել է, որ ոչ ոք Տավուշի գյուղերը չի հանձնում, բայց՝ «որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի»։ 

Ընդդիմությունն ակտիվացել է, Ոսկեպարում կազմակերպում են հավաքներ, զրուցում ոսկեպարցիների հետ, անցած հանգստյան օրերին էլ պարում և երգում էր հավաքված ժողովուրդը։

Սակայն արդյո՞ք այս քայլերը կօգնեն, որ ոչ մի տարածք ՀՀ-ից չհանձնվի․ MediaHub-ն անկացրեց հերթական հարցումը՝ «Ընդդիմությունը հայտարարում է, որ թույլ չի տա հանձնել Տավուշի գյուղերը Ադրբեջանին: Կհաջողի՞ արդյոք»։

Ըստ այդմ՝ «Այո» տարբերակն ընտրել են հարցվածների 38%-ը, «Ոչ» տարբերակը՝ 31%-ը։

«Ինչպե՞ս, Ոսկեպարում պարելո՞վ» տարբերակն ընտրել են հարցվածների 10%-ը, մասնակիցների 17%-ն ընտրել է «Ի՞նչն են հաջողել մինչ օրս, որ սա հաջողեն» պատասխանը, «Ընդդիմությունը ճիշտ է, Նիկոլը՝ սխալ» տարբերակն էլ ընտրել են հարցվածների 5%-ը։ 

Մեր ընթերցողները, ինչպես միշտ, թողել են մեկնաբանություններ՝ 

«Ընդդիմությունը պետք չի, որ հայտարարի, այլ թող վերջապես գործի։ Սրանք ոչ բարով դրանց արժանի են»։

«25 տարի ընդդիմությունն այնպիսի հնարավորություն ուներ, ինչպես հիմա Ալիևը, եթե հարց լուծող լինեին, կլուծեին, ընդդիմությունն ընդամենը 1 նպատակ ունի՝ ետ գա ու ամեն գնով իշխանություն պահի»։

«Ընդդիմության դավաճան պահվածքին ծանոթ ենք»։

«Մի՞թե դժվար է հասկանալ, որ իշխանության այն պնդումը, որ դրանք գյուղեր չեն, ընդամենը խաբելու ձև է։ Այդ տարածքները հանձնելու դեպքում մեր գյուղեր տանող ճանապարհները, ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, ՀՀ մտնող գազատարը հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողություն տակ։ Դրան կհետևի մեր գյուղերի հայաթափումը, Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, Ադրբեջանը կփակի գազամուղը։ ՀՀ-ի համար դա կործանարար է։ Կիրագործվի թուրքի երազանքը՝ «Հայաստան առանց հայ ժողովրդի»։ Ժողովուրդ ջան, սթափվել է պետք։ Մտածեք այս մասին, հետո ուշ կլինի»։

«Մենակ ընդդիմության գործը չի դա։ Ընդդիմությունն առանց հանրային աջակցության 0 է։ Սա համազգային հարց ա, համազգային շարժմամբ պետք ա թույլ չտանք, որ հանձնվի կարևորագույն ռազմավարական բարձրունքները, հավաքի օր նշանակեք, ստիպեք բոլոր քաղաքական գործիչներին միանան հավաքին»։

«Ո՞ւմ նկատի ունեք, անուններով գրեք, Հայաստանում ընդդիմություն կա՞»։

«1000 անգամ ասվել է, որ այդ 4 գյուղերը Տավուշի գյուղերից չե՛ն»։ 

Իսկ այսօր Փաշինյանը կրկին Տավուշում էր՝ Ոսկեպարում, Բերքաբերում, Կիրանցում: Նախորդ այցի ժամանակ նա խոստացել էր 10 օր հետո վերադառնալ, այդ խոստումից անցել է մոտ մեկ ամիս:

Դեռ հայտնի չէ, թե ի՞նչ է ասել Փաշինյանը տավուշցիներին, բացի նրանից, որ նրանց հետ խոսել է Ադրբեջանի հետ «խաղաղությունից», և ակնհայտ է, որ իշխանությունը չի հրաժարվելու իր մտադրությունից: 

Մարիաննա Արամյան