Փաստորեն, կուրսանտները չե՞ն խոնարհվել Վարդապետյանի առաջ

Այսօր համացանցում հայնվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները գլխավոր դատախազին ողջունելիս՝ «ողջույն, տիկին դատախազ» արտահայտության ժամանակ գլուխները ներքև իջեցնում։ Առաջին հայացքից բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, որ տղաներն իրենց ողջույնի խոսքն ասում են՝ դատախազի առջև խոնարհվելով։
Մինչ համացանցում ակտիվ քննարկվում է, թե այս ինչ նոր արարողակարգ է, գլխավոր դատախազությունից շտապում են հերքել այն, ինչ երևում է տեսանյութում։
Մանավորապես, Դատախազությունից «մանիպուլյացիա» որակեցին ամբողջական տեսանյութից կտրված տեսանյութ հրապակելն ու նշեցին, որ Ակադեմիայի կուրսանտները նստարանն են շտկել նստելու համար, «ինչն ակնհայտ երևում է ամբողջական տեսանյութը դիտելիս»:
Իհարկե, մենք ամբողջական տեսանյութը մի քանի անգամ կրկին նայեցինք, և որևէ նոր բան չկար, այսինքն՝ այն, որ «Ողջույն» բառի վրա են տղաներն իրենց գլուխներն իջեցնում, փաստ է։
Եվ եթե հետևենք գլխավոր դատախազության հերքմանը, ապա պետք է ուղղակի ենթադրել, որ տեխնիկական խնդիր է առաջացել, այսինքն՝ տղաները պատրաստվել են նստել և այդ ժամանակ է Վարդապետյանը ողջունել նրանց, նրանք էլ աթոռներն ուղղելով պատասխանել են։ Եթե այդպես է, ապա այս դեպքում էլ նման «մանիպուլյացիաներից» խուսափելու համար, կարծում ենք, ընդամենը տեսանյութն այնպես պետք է մոնտաժվեր, որ հանրության լայն շրջանակների մոտ նման տպավորություն չստեղծվեր, թե ապագա սպան խոնարհվում է գլխավոր դատախազի առջև։
Ի դեպ, զինծառայողը խոնարհում է զոհվածի հուշարձանների և զոհված ընկերոջ շիրիմի առջև, ինչպես նաև որոշ արարողակարգերի ժամանակ՝ դրոշի առջև։
Նշենք նաև, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից էլ MediaHub-ն հավաստիացրեցին, որ որևէ կուրսանտ չի խոնարհվել գլխավոր դատախազի առջև և մենք ուզում ենք դրան հավատալ։ Ավելին, նշեցին, որ մուտքի պահին Վարդապետյանին ուղեկցող սպան ասել է՝ «նստեք», տղաները փորձել են աթոռներն ուղղել, որ նստեն, և Վարդապետյանն այդ պահին ողջունել է նրանց։
Ինչևէ, մենք հրապարակում ենք այն արձագանքները, որ ստացել ենք պաշտոնական աղբյուրներից։ Կից ներկայացնում ենք տարածվող տեսանյութը, իսկ դատողությունները թողնում ենք ձեզ։
ՀԳ․ Խոնարհվել, այո՛, պարտավոր ենք, բայց հայրենիքը պահող զինվորի ու սպայի առջև։
Նարե Գնունի