Իմ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ա, ես դավաճան չեմ․ Ավանի նախկին փոխթաղապետը՝ աշխատանքից ազատման դիմումի մասին

Աշխատանքից ազատվելու դիմում գրելուս համար պատճառ չկա, ուղղակի որոշեցի, որ ուզում եմ հանգստանալ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով աշխատանքից ազատման իր դիմումին։
Պողոսյանի խոսքով՝ որևէ կապ չկա աշխատանքից ազատման և իր անվան շուրջ վերջին շրջանում բարձրացած սկանդալների միջև։
Հարցին՝ նոր աշխատանքի է տեղափոխվում, ինչպե՞ս է պատրաստվում գումար վաստակել ու ընտանիք պահել՝ Պողոսյանը պատասխանեց․ «Մինչև այդտեղ աշխատելն էլ է իմ ընտանիքը ապրել։ Ես որ կալանքի մեջ էլ եմ եղել, էդ ժամանակ էլ է իմ ընտանիքը ապրել։ Աշխատանքի նոր առաջարկ չունեմ»։
Անդրադառնալով խոսակցություններին, որ քաղաքական թիմի ղեկավարի կողմից է եղել հորդորը, որ աշխատանքից ազատման դիմում գրի՝ Պողոսյանը նշեց․ «Ինձ ոչ ոք կյանքում ոչ մի բան չի կարող ստիպել։ Քաղաքական թիմի հետ ես ընդհանրապես խնդիր չունեմ, թիմը իմ թիմն է, իմ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ա, ես դավաճան չեմ, երբեք ես ընկեր դավաճանած չկամ»։
Արմինե Նավոյան