Աղդամի ճանապարհով գործընթաց սկսելն ինձ համար իրատեսական չէ․ ԱՀ գյուղնախարար

Գյուղատնտեսական աշխատանքները 100 տոկոսով չենք կարողանում իրականացնել, այնպես չէ, որ ոչինչ անել չենք կարողանում, բայց վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանքները կաղում են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։
«Բացի ցորենից՝ ունենք տարբեր հացահատիկային արտեր, որոնք հնձել չենք կարողանում, օրինակ` գարին, հաճարը։ Չենք հասցնում բերքահավաք իրականացնել: Այս ամենից բացի, կան նաև ահազանգեր, որ կտավատ ունենք, որը պիտի քաղենք ու յուղ ստանանք, եգիպտացորեն ունենք, որի քաղելը մեծ օգուտ կտա, բայց ամեն ինչ կանգ է առնում միայն վառելիքի խնդրով պայմանավորված։ Նաև անձրևներն են խանգարում, քանի որ դաշտերում մեծ քանակի խոտեր են աճել, որոնք խանգարում են հացահատիկային բերքը հավաքելուն»,- նշեց Հայրիյանը։
Նախարարի խոսքով՝ փորձում են բանջարեղենների վաճառքը իրականացնել շրջիկ ավտոմեքենաներով, բայց սա էլ ոչ լիարժեք է կատարվում՝ կրկին վերևում նշված խնդրի պատճառով։
Հարցին, թե լուծումը որն է լինելու, վերջինս պատասխանեց․
«Բարդ է, լուծման մեխանիզմ չեմ տեսնում, քանի որ նույնիսկ աշնանացան իրականացնել չենք կարող, այն արդեն պետք է սկսած լինեինք, բայց այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել։ Նռան, խաղողի բերքահավաք է սպասվում, բայց այն դժվար կլինի իրականացնելը»,-ասաց նա։
Հայրիյանի պնդմամբ՝ Կոռնիձորում մնացած հումանիտար օգնությունը, բնականաբար, կմեղմի արցախցու հոգսերը, սակայն այն խնդիրները, որոնք առաջացել են գյուղատնտեսական ոլորտում, շտկվել չի կարող առանց վառելիքի պաշարի։
«Մինչև հունիսի 15-ը, այսինքն՝ մինչև պաշարումը, ռուս խաղաղապահների օգնությամբ հնարավոր էր լինում վառելիք հասցնել և մեր ունեցած պաշարները հենց դրա շնորհիվ էինք հավաքում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե արդյո՞ք Հայրիյանի համար իրատեսական է Աղդամի ճանապարհով ինչ-որ գործընթաց սկսելը, վերջինս պատասխանեց․ «Ինձ համար՝ ոչ»։
Լիաննա Թորոսյան