Դոհայում մնացած հայերը վերադարձել են Երևան՝ դժգոհ մնալով «Qatar Airways»-ից

Նախօրեին Իրանը շուրջ 200 բալիստիկ և թևավոր հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը խառնել էր Մերձավոր Արևելքն ու առանց չափազանցության նաև ամբողջ աշխարհը իրար:
Իրանի գործողություններից տուժել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Իրանը չեղարկել էր բոլոր չվերթները, նաև չեղարկվել են չվերթները Կատարից՝ մայրաքաղաք Դոհայից: Իսկ Դոհան, հիշեցնենք, կարևոր տրանզիտային կետ է Երևանից և դեպի Երևան թռիչքների համար:
MediaHub-ը երեկ զրուցել էր Դոհայի օդանավակայանում անորոշ ժամանակով մնացած ՀՀ քաղաքացու հետ, որի չվերթը դեպի Երևան, ինչպես և շատ այլ չվերթներ, հոկտեմբերի 1-ի երեկոյան չեղարկվել էր: Նրանք ամբողջ գիշեր անցկացրել էին օդանավակայանում, ավիաընկերությունը միայն սնունդով էր ապահովել և միայն ցերեկը «Qatar Airways»-ը հյուրանոց էր հատկացրել օդանավակայանում մնացած ուղևորներին՝ ընդամենը մի քանի ժամով: Ու դարձյալ թողել ուղևորներին անորոշության մեջ:
MediaHub-ի զրուցակիցը այսօր տեղեկացրեց, որ վերջապես՝ մեկ օր ուշացումով, ուշ գիշերը վերադարձել են Երևան:
«Ասացին` «գնացեք հյուրանոց», բայց պարզ չէր, թե ինչ է լինելու, տոմս չէին տվել, ասել էին՝ «կարող ա երեկոյան թռնեք, կարող ա՝ ոչ»։ Օդանավակայան գնալուց հետո երեկոյան հույս կար, որ մեզ էլ կուղարկեն հետ Երևան, և ահա գիշերը վերադարձանք Երևան»,- նշեց քաղաքացին։
Հիշեցնենք, երեկ համացանցում բուռն քննարկվում էր, թե ինչպես է Իսրայելը պատասխանելու Իրանին: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Իսրայելը պատրաստվում է պատասխանել Իրանին։
Մարիաննա Արամյան