Վարձերը թանկ են, փոխհատուցումը՝ քիչ․ Պայմանագրային զինծառայողներին տրամադրվող բնակարանի վարձի փոխհատուցումը կավելանա՞

Վարձերը թանկ են, փոխհատուցումը՝ քիչ․ Պայմանագրային զինծառայողներին տրամադրվող բնակարանի վարձի փոխհատուցումը կավելանա՞

MediaHub.am-ը պայմանագրային զինծառայողներից ահազանգ էր ստացել, որ Երևանում վարձով բնակարանների գները շատ բարձր են և Երևանում ծառայող մարզերի բնակիչները Պաշտպանության նախարարության կողմից տրամադրած գումարով չեն կարողանում բնակարան վարձել։

MediaHub.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ բարձրացված խնդրից տեղյակ են և բնակարանային ապահովման ընդհանուր քաղաքականության շրջանակում դիտարկվում է խնդրի լուծման հնարավոր տարբերակները։

Մենք նախարարությունից նաև հետաքրքրվել էինք, թե այս պահին բնակարանի վարձակալության համար որքա՞ն փոխհատուցում են ստանում պայմանագրային զինծառայողները։ Ըստ նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության` դրամական փոխհատուցում վճարվում է վարձակալության մասին պայմանագրում նախատեսված չափով, սակայն ոչ ավելի, քան՝ Երևան քաղաքում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ, այլ քաղաքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ, այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ։

Նշենք, որ բնակարանների վարձի փոխհատուցումը կարգավորվում է «Զինվորական ծառայության մասին և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ կառավարության 2018թ-ի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշմամբ։

Արմինե Նավոյան