Դո՛ւրս եկեք և ցո՛ւյց տվեք, որ չեք լիազորել այս իշխանությանը հանձնել մեր հայրենիքը․ Վանեցյան
Ես միայնակ եմ եկել Ազատության հրապարակ, եկել եմ որպես շարքային քաղաքացի, ով հասկացել է՝ մեր երկրի հետ կապված լուրջ մարտահրավեր կա։ Այդ մասին այսօր քայլերթի ընթացքում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ շատ-շատ չեն մարդիկ, բայց ինքը շփվել է շատերի հետ, որոնք զոհ են դարձել իշխանական մանիպուլյացիաներին, նրանց ստերին։
«Մեր նպատակն առաջին փուլում հենց սա էր, որ մարդիկ արթնանան ու իրենք որոշեն՝ մենք կունենա՞նք այն երկիրը, որ երազում ենք։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ տղաների տված ամենաթանկը՝ տղաների արյունը, զրոյացնեն։ Մենք դա թույլ չենք տա։ Այս պայքարը դրա համար է։ Մենք իրավունք չունենք թույլ տալ մեր երկիրը կորսվի։ Իմ կողքով քայլում է Արցախի ԱԺ պատգամավոր, մարդ, որն էլի առանց հայտարարության եկել ու նստել է իմ կողքին Ազատության հրապարակում և ասում է՝ եկեք ու միացեք»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա պատմեց, որ իրեն մի մարդ է մոտեցել Ազատության հրապարակում և հարց տվել, թե ինչու ինքը չի դիմում արցախցի փախստականներին․
«Անկեղծ ասած, մի պահ չհասկացա՝ ինչի մասին է խոսում, և ասացի, որ չպետք է այդ բառն ասել, մենք պետք է ասենք ժամանակավոր ապրողներ։ Մենք անպայման անելու ենք ամեն ինչ, որ պահպանենք եղածը և փորձելու ենք անել ամեն ինչ, որ մեր տարհանված եղբայրներն ու քույրերը գնան իրենց տուն»։
Արթուր Վանեցյանը վերահաստատեց իր երեկվա պնդումը, որ եթե իրենք հաջողեն, պատերազմ չի լինելու, իսկ եթե մնան այս իշխանությունները, ապա լինելու է շարունակական պարտվողական պատերազմ։
«Դո՛ւրս եկեք և ցո՛ւյց տվեք, որ չեք լիազորել այս իշխանությանը հանձնել մեր հայրենիքը»,- կոչ արեց Արթուր Վանեցյանը։